12:16 | 09.04.09 | Նորություններ | 3406

Հայաստանն առաջատարն է ծրագրային “ծովահենության” մակարդակով

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը, Ադրբեջանն ու Մոլդովան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում առաջին դիրքերում են ծրագրային “ծովահենության” մակարդակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին վկայում են IDC միջազգային ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները:

Հայաստանում ծրագրային “ծովահենության” մակարդակը կազմում է 93 տոկոս, Ադրբեջանում եւ Մոլդովայում` 92-ական տոկոս: Այս տարածաշրջանում “ծովահենության” ամենացածր մակարդակն արձանագրվել է Չեխիայում (39%), Հունգարիայում (42%) եւ Սլովակիայում (45%):

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Microsoft-ի փոխնախագահ Վահե Թորոսյանը 2008թ. հոկտեմբերի 31-ին Երեւանում ասել էր, որ Հայաստանում Microsoft-ի ներկայության 2 տարվա ընթացքում երկրում ծրագրային “ծովահենության” մակարդակը կրճատվել է մոտ 5%-ով, ինչը թույլ է տալիս հուսալ, որ առաջիկա 2 տարիներին այն կկրճատվի եւս 7-8%-ով: