Apple-ը պատրաստվում է թողարկել երկու VR սարք․ մեկն ավելի էժան եւ թեթեւ կլինի, քան Vision Pro-ն, իսկ երկրորդը կկարողանա միանալ Mac-ին։

Vision Pro-ն կշռում է 700 գրամ՝ կախված կոնֆիգուրացիայից, գինը սկսվում է 3499 դոլարից: Vision Pro 2-ը պետք է ավելի էժան եւ թեթեւ լինի, բայց պարզ չէ, թե որքանով, գրում է Apple-ի ինսայդեր եւ Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանը:

Նա նշում է, սակայն, որ ծախսերի նվազեցումը բարդ խնդիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պատճառով, քանի որ Vision Pro-ն հավաքվում է Չինաստանում։

Բացի այդ, Apple-ն աշխատում է մեկ այլ VR սարքի վրա. այն կփոխարինի ընդլայնված իրականության ակնոցին, որի մշակումը դադարեցվել էր 2025 թվականի հունվարին: Սարքը կմիանա Mac-ին եւ կկարողանա պատկերն իր էկրանից փոխանցել սարքի էկրանին:

Թողարկման օրը դեռ հայտնի չէ։ Ըստ Գուրմանի՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի գլխավոր առաջնահերթություններից մեկը մնում է լրացված իրականության ամբողջական սարքի թողարկումը, սակայն շուկայում նման ապրանքի հայտնվելուն պետք է սպասել «երկար տարիներ»: