Koreez կրթական խաղային հավելվածը եւ AGBU Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը պաշտոնապես հայտարարել են իրենց համագործակցության մեկնարկի մասին։
«Մենք վստահ ենք, որ կրթությունը միայն դասագիրք չէ։ Կրթությունն ինքնության պահպանման ճանապարհ է եւ հենց այդ ճանապարհն է, որ Koreez-ը փորձում է լուսավորել՝ խաղի միջոցով փոխանցելով հզոր բովանդակություն հայոց պատմության, մշակույթի, կրոնի, արվեստի, ճարտարապետության եւ խոհանոցի մասին։ Երկրորդ սերնդի ամերիկահայ երեխաները հաճախ զրկված են հայ մշակույթի հեշտ, հասանելի եւ հետաքրքիր ներկայացումից։ Koreez-ը փորձում է փոխել այդ իրականությունը՝ մատուցելով հայկական ժառանգությունն՝ առավել հասանելի, ժամանակակից եւ խաղային ձեւաչափով», - նշել է Koreez EdTech հարթակի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
«Koreez-ը մեծ ներուժ ունի՝ հատկապես այն պարագայում, երբ այն ադապտացվում է մեր աշակերտների կարիքներին համապատասխան։ Մեր ուսուցիչներն ու աշակերտները արդեն փորձարկել են հավելվածը, եւ Սուրենն անմիջապես արձագանքել է նրանց հետադարձ կապին։ Սա ցույց է տալիս՝ որքան լուրջ է այս նախաձեռնությունը»,- նշել է AGBU Մանուկեան-Տեմիրճեան դպրոցի ղեկավար Դեյվիդ Ղուկասյանը։
Կորիզ հավելվածը ներկայում հասանելի է արեւելահայերենով եւ անգլերենով, իսկ առաջիկայում կթարգմանվի նաեւ արեւմտահայերենով՝ օգտագործելով դասական ուղղագրությունը։ Այս քայլը նպատակ ունի ընդգրկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող օգտատերերին՝ ստեղծելով միասնական ուսումնական համայնք։
Koreez-ը չի սահմանափակվում միայն ակադեմիական ծրագրի մատուցմամբ։ Այն մոբայլ հավելված է, որտեղ գիտելիքը ներկայացվում է խաղի միջոցով՝ դարձնելով ուսուցումը հետաքրքիր, մրցակցային եւ ոգեշնչող։ Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։