15:57 | 26.03.25 | Նորություններ | 2296

Մեկնարկել է Viva-ի հաջողված կրթական ծրագրի նոր փուլը

Մեկնարկել է «Viva University»-ի հերթական փուլը: Շուրջ երկամսյա ծրագրի արդյունքում 31 հոգուց կազմված ուսանողների հերթական խումբը պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ կստանա սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում:

Ուսանողների այս խումբը եւս հնարավորություն կունենա կարեւոր բացահայտումներ անել գործատու-աշխատող եւ բիզնես-հաճախորդ շղթաներում ձեւավորվող հարաբերությունների մասին, հստակ պատկերացնել՝ ինչ է կորպորատիվ մշակույթը եւ ինչ առանձնահատկություններ, առավելություններ կարող է ունենալ առաջատար ընկերության բիզնես կառավարման մոդելը:

Viva-ի կրթական ծրագրի մասնակիցներին ողջունել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ հորդորելով ակտիվ եւ անկաշկանդ մասնակցություն ցուցաբերել:

««Viva University»-ն յուրահատուկ հնարավորություն է կարճ ժամանակահատվածում առավելագույնը ստանալու համար: Երկու ամսում շուրջ քսանհինգ տարվա փորձառության նրբություններին տիրապետելն ամենամեծ ձեռքբերումը կարող է լինել ձեզ համար: Ձգտե՛ք ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները, լինել ակտիվ եւ սպունգի նման կլանել արժեքավոր ինֆորմացիան: Եղեք համարձակ, ճկուն, համբերատար եւ պատասխանատու՝ հաջողության հասնելու համար: Ձեզ տրված է հրաշալի հնարավորություն, փորձեք մասնագիտացման ճանապարհին առավելագույն արդյունք քաղել», - ասել է Արմեն Ավետիսյանը:

Ինտենսիվ դասընթացներն ու սպասարկման կենտրոններում նախատեսվող գործնական շփումները հնարավորություն կտան տիրապետել գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտել միջֆունկցիոնալ հարաբերությունների եւ թիմային աշխատանքի կարեւորությունը: Ծրագրի մասնակիցներին կաջակցեն ընկերության՝ տարիների փորձ ունեցող մասնագետները:

«Viva University»-ի հերթական փուլին մասնակցության հայտ ներկայացրած ուսանողներն ընդգրկվել են 7 մարզից (Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն) եւ մայրաքաղաքից: Նրանք ինքնաբացահայտման եւ զարգացման հնարավորություն կստանան վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկամսյա դասընթացներն իրականացվում են Viva-ի բաժանորդների սպասարկման եւ մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով:

Տասը տարվա կտրվածքով նախագծի շրջանավարտներից 117-ը համալրել է Viva-ի աշխատակիցների շարքերը: