16:58 | 13.03.25 | Նորություններ | 317
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մարտի 12-ին հանդիպել է ՀՀ ԲՏԱՆ եւ «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից իրականացված ծրագրի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Բարսելոնայում տեղի ունեցած Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ կարճ մտքերի փոխանակությունից հետո, որին իրենց պրոդուկտներն էին ներկայացրել նաեւ ծրագրում ընդգրկված ստարտափներից մի քանիսը, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով ու ձեռքբերումներով միջազգային աքսելերատորի կողմից Հայաստանում իրականացված ծրագրի վերաբերյալ։
Ընդհանուր կարծիքն այն էր, որ ծրագիրը դրական ազդեցություն է ունեցել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի վրա, սակայն հետագայում շարունակություն ունենալու դեպքում որոշակի լավարկումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա։
Այս համատեքստում առաջարկություններ են հնչել, որպեսզի դիտարկվի հայաստանյան բիզնես միջավայրի առանձնահատկությունները, մենտորների աշխատանքն ավելի արդյունավետ լինի, դասընթացները հարմարեցվեն մասնակից ստարտափների պահանջմունքներին, հայաստանյան տեխնոհամայնքը եւս, փորձի փոխանակման առումով, ներգրավված լինի ծրագրում եւ այլն։
Այս ամենին զուգահեռ անդրադարձ է եղել նաեւ արդեն իսկ ունեցած արդյունքներին, նշվել է, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներդրողների հետ՝ հետագա համագործակցությունների վերաբերյալ։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ առաջին անգամ է, որ նման ծրագիր է իրականացվում միջազգային հեղինակություն ունեցող ընկերության հետ։ Ռուբեն Սիմոնյանի խոսքով՝ նախարարությունն առաջիկայում եւս նպատակ ունի շարունակելու համագործակցությունը Plug and Play-ի հետ՝ հաշվի առնելով եւ ներկայացնելով նաեւ մասնակիցների ունեցած կարծիքն ու առաջարկները, առաջիկայում ծրագիրը լավարկելու, այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Ծրագրին մասնակցել է հայաստանյան 20՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory, Pearch AI ստարտափ։