09:29 | 26.02.25 | Նորություններ | 546
Հայաստանը գտնում է, որ արհեստական բանականության (ԱԲ) կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի։
Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ժնեւում ելույթ ունենալով Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:
«Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։
Ավելին, ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը», - ասել է Արարատ Միրզոյանը: