12:09 | 24.02.25 | Նորություններ | 617

    Հայկական 10 ստարտափ ներկայացել է Armenia Startup Academy-ի դեմո օրվա ընթացքում

    Հայաստան ստարտափ ակադեմիայի (ASA) նախաաքսելերացիոն 8-րդ ծրագիրն ավարտած 10 ստարտափ Yandex Hall-ում ներկայացրել է իր նորարական լուծումները։

    Ակադեմիան օգնել է թիմերին գաղափարները, հետազոտությունները կամ նախատիպերը վերածել շուկայի համար պատրաստ պրոդուկտների՝ միաժամանակ հեշտացնելով շուկայի մուտքը համաշխարհային ֆինանսավորման, արագացնող եւ խորհրդատվական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։

    8-րդ հոսքի շրջանակում ակադեմիան ընդլայնել է առաքելությունը՝ աջակցելով հայկական տեխնոլոգիական ընկերություններին՝ կենսագիտության, խելացի սարքերի եւ B2B SaaS ոլորտներում, միջազգային շուկաներ մուտք գործելու հարցում։

    Itel.am-ը ներկայացնում է նախաաքսելերացիոն ծրագրի ստարտափների գաղափարները․

    ClipFix-ն օգնում է օգտատերերին մի քանի սեղմումով սոցիալական մեդիայի կարճ տեսահոլովակներից անմիջապես ճանաչել ֆիլմերը։

    Drawstory-ն օգտագործում է արհեստական բանականություն՝ կինոռեժիսորների եւ անիմատորների համար վայրկյանների ընթացքում ստեղծելու պրոֆեսիոնալ մակարդակի սցենարներ:

    Selfio-ն ավտոմատ կերպով ստեղծում է մշակված եւ տարածման համար պատրաստ կրթական եւ այլ նպատակներով տեսանյութեր՝ առանց մոնտաժի անհրաժեշտության։

    Biogen Nanotechnologies-ը մշակում է հատուկ նանոցելյուլոզա, որն օգնում է պեստիցիդներին ավելի լավ կպնել բույսերին՝ նվազեցնելով քիմիական նյութերի օգտագործումը եւ հողի վնասը։

    Caselens-ը մշակել է AI գործակալ, որն արագ եւ ճշգրիտ վերանայում ու վերլուծում է տասնյակ հազարավոր իրավական փաստաթղթեր։

    Horyzenn-ը կրթական բովանդակության ստեղծման հարթակ է, որը վերացնում է տեղեկատվության տարանջատումը կամ գիտելիքների մեկուսացումը եւ բարելավում ուսուցումը՝ ինտեգրված «երկրորդ ուղեղի» միջոցով։

    Prismix-ը AI-ի միջոցով լիովին ավտոմատացված սոցիալական մեդիայի կառավարիչ է, որը ստեղծում է բովանդակություն, կազմում ժամանակացույց եւ վերլուծում ամբողջ ամսվա համար նախատեսված բովանդակությունը։

    Nomogram AI-ը հարթակ է, որը կապում է հաճախորդներին իդեալական իրավաբանի հետ՝ ելնելով գործի մանրամասներից եւ անհատական կարիքներից։

    Byte-ն առաջարկում է անսահմանափակ, անհատականացված պրակտիկ առաջադրանքներ ցանկացած թեմայով՝ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։

    Orion-ը մշակել է հարթակ, որն օգնում է արտադրողներին արդյունավետ վերահսկել իրենց սարքավորումները՝ ապահովելով ժամանակին սպասարկում՝ կանխելու անսարքություններն ու ֆինանսական կորուստները։

    10 շաբաթվա ընթացքում այս ընկերություններն աշխատել են իրենց գաղափարների վավերացման, հաճախորդների զարգացման, շուկա մուտք գործելու ռազմավարության եւ փիչինգի վրա՝ պատրաստվելու տեղական եւ համաշխարհային շուկաներում ընդլայնվելու համար:

    Հայաստան ստարտափ ակադեմիան ընդհանուր առմամբ իրականացրել է 17 ծրագիր, որին մասնակցել է 160-ից ավելի ընկերություն։ Ծրագրերի մասնակիցները 55 միլիոն դոլարից ավելի ֆինանսավորում են ներգրավել։ Անվճար ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) աջակցությամբ։