13:26 | 21.02.25 | Նորություններ | 1012
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների եւ գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են:
«Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարեւոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարեւոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։
Նա նաեւ հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։
«Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաեւ գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաեւ «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»,-նշել է Ալեքսանդր Եսայանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները եւ ոլորտի հիմնական մարտահրավերները։