Փետրվարի 16-21-ը Աբու Դաբիում անցկացվում է «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:
Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություն ներկայացնում են բարձր, տեղեկատվական, պաշտպանական եւ ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։
Ցուցադրվում են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլեւ՝ հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, այն աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկն է:
Միջոցառմանը փետրվարի 16-ին նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով մասնակցել եւ «Ապատեղեկատվություն եւ ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկմանը հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: