17:33 | 17.01.25 | Նորություններ | 1541

    Nokia-ն գործարկել է իր հեռախոսների առցանց թանգարանը

    Այժմ բոլորը կարող են սուզվել Nokia-ի դիզայնի պատմության մեջ՝ շնորհիվ Nokia Design Archive-ի, որը ստեղծվել է Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի հետ համատեղ:

    Արխիվը թվային հավաքածու է, որն ընդգրկում է Nokia-ի դիզայնի էվոլյուցիայի հիմնական փուլերը՝ 1990-ականների կեսերից մինչեւ 2017 թվականը:
    Այն ներառում է 700 ցուցանմուշ՝ էսքիզներ, լուսանկարներ, շնորհանդեսներ եւ հարցազրույցներ:

    Նրանց համար, ովքեր մեծացել են Nokia հեռախոսներով, այս արխիվը հետաքրքիր կարող է լինել, քանի որ այստեղ հնարավոր է գտնել վաղ շրջանի դիզայնի կոնցեպտներ, տրամադրության տախտակներ եւ պրոդուկտների պրեզենտացիաներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ստեղծվել ամենահայտնի սարքերը:

    Արխիվը ոչ միայն ցուցադրում է այնպիսի խորհրդանշական մոդելներ, ինչպիսիք են Nokia 3310-ը կամ N-Gage-ը, այլեւ պատմում է, թե ինչպես է Nokia-ի դիզայնը տարիների ընթացքում հարմարվել օգտատերերի վարքագծի եւ տեխնոլոգիական զարգացման փոփոխություններին: