09:38 | 17.01.25 | Նորություններ | 1479

Techweiz-ը կբացահայտի Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատաշուկայի զարգացման միտումները

Techweiz հետազոտական ու խորհրդատվական ընկերությունը հայտնել է Հայաստանում եւ Վրաստանում իր գործունեության մեկնարկի մասին:

Techweiz-ի համահիմնադիրը Հայկ Ասրիյանցն է, ով նաեւ Startup Büro-յի եւ Axel-ի (Վրաստանի հրեշտակ ներդրողների ցանցի) հիմնադիրն է, DataFest Tbilisi-ի համակազմակերպիչը եւ Հայաստանի ու Վրաստանի տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգերի զարգացման ռահվիրան:

Ընկերության առաքելությունն է տարածաշրջանի տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրությունը, միտումների բացահայատումը եւ որոշում կայացնողներին բարձրորակ տվյալների, վերլուծության ու խորհրդատվության տրամադրումը:

photo © Techweiz


«Վերջին տարիները բեկումնային են եղել թե Հայաստանի ու թե Վրաստանի ՏՏ աշխատաշուկաներում: Գործոններից առաջինը Covid19-ի համաճարակն էր, որի արդյունքում ամրապնդվեց ու զարգացավ հեռահար աշխատանքի մշակույթը եւ միտումը: Կարեւոր գործոն էր նաեւ Հայաստանի ազգային արժույթի ամրապնդումը, որի հետեւանքով արտապատվեր (աութսորսինգ) ընկերությունները ֆինանսական դժվարությունների բախվեցին: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ պատերազմը Ուկրաինայում, որը մասնագետների մեծ ներհոսքի պատճառ դարձավ Հայաստանում ու Վրաստանում: Անշուշտ, Արցախի հայաթափումը՝ հայերի բռնի տեղահանումը, եւս լուրջ ազդեցություն ունեցավ Հայաստանի աշխատաշուկայի վրա: Գործոն է նաեւ տեխնոլոգիական ստարտափների էկոհամակարգերի արագ զարգացումը եւ հրեշտակային ներդրումներին ու ռիսկային (վենչուրային) կապիտալին հասանելիության ընդլայնումը. արդյունքում ֆինանսավորում ստացած ստարտափներն ավելի մրցունակ են դառնում լավագույն մասնագետներին գրավելու հարցում: Techweiz-ը փորձառու թիմը անաչառ հետեւում է ոլորտի միտումներին եւ հաճախորդներին տրամադրում է խորաթափանց վերլուծություն եւ խորհրդատվություն»,- Itel.am-ին պատմել է Հայկը:

Techweiz-ի առաջին հաճախորդներից է Lineate ընկերությունը, որը գովազդային տեխնոլոգիաների շուկայում ծրագրային լուծումների մշակման առաջատար է:

«Հայաստանում հետազոտություն անելիս Techweiz-ի հետ համագործակցությունը գերազանցեց մեր սպասելիքները: Նրանց թիմը բացառիկ եզրակացություններ տրամադրեց՝ պահպանելով պրոֆեսիոնալիզմի բարձրագույն չափանիշները նախագծի ամբողջ ընթացքում», - ասել է Lineate-ի ներկայացուցիչ Անի Մայսուրաձեն:

photo © Techweiz


Այժմ Techweiz-ը նոր հետազոտություն է իրականացնում՝ բացահայտելու Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատաշուկայի զարգացման միտումները եւ նախընտրությունները: Այս հետազոտության արդյունքներն օգնելու են գործատուներին բարելավել աշխատանքային պայմաններն ու աճի հնարավորությունները՝ հիմնվելով աշխատակիցների եւ թեկնածուների իրական կարիքների վրա: Հետազոտության մի մասն անց է կացվում անանուն հարցման միջոցով, որը հասանելի է այստեղ:

Techweiz- իր բացահայտումները հանրությանը կներկայացնի սոցիալական ցանցերում՝ LinkedIn-ի եւ Facebook-ի էջերի միջոցով: