17:17 | 17.12.24 | Նորություններ | 958

OVIO-ն եւ Դալան տեխնոպարկը կհամագործակցեն

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը եւ Դալան Տեխնոպարկը միավորել են ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։

Գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային  պայմաններ ՏՏ ոլորտի համար։ OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայությունն ու իր առաջատար տվյալների մշակման կենտրոնի լուծումները Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը:

«Դալան տեխնոպարկի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է, մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին եւ զարգացմանը», - նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ եւ կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարեւորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ մտքի զարգացումը։

Այս տեսանկյունից կարեւորում ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման կենտրոնում մատուցվող եւ հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։

Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ եւ տեխնիկական հագեցվածությամբ ձեւավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար», - ասել է Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է եւ կառուցված է TIER III սարքավորումների եւ ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, եւ 24/7 անխափան սպասարկման հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին տրամադրելու տվյալների պաշտպանության եւ հասանելիության աննախադեպ մակարդակ։

OVIO-ն Դալան տեխնոպարկի հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ եւ իր առաջատար ամպային լուծումները, որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։