17:23 | 21.11.24 | Նորություններ | 12140

Viva-ն եւ «Իմ Անտառ Հայաստան»-ը անտառ են ստեղծում

Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել ու արդեն երեք տարի է, ինչ համագործակցում է «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպության հետ:

Գործընկերության հիմքում հետեւյալ նպատակներ են՝ ամրապնդել «կանաչ մտածողության» շուրջ համախմբվելու գիտակցությունը, ընդլայնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ այսպիսով կանխարգելելով սողանքներն ու անապատացումը, նպաստել ջրային ռեսուրսների պահպանմանն ու համայնքներում՝ բնակչության զբաղվածությանը:

Լոռու մարզի երեք համայնքում  զգալի աշխատանք է կատարվել: 2022 թվականին, Viva-ի անվանական անտառը ստեղծվեց Ջրաշեն համայնքի տարածքում, որին կամավորագրվել էին Viva-ի աշխատակիցները, հաջորդող տարիներին անտառտնկումներ են իրականացվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում եւ Լեռնաջուրում։ Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 38 000 ծառ:

«Անտառը, որը ստեղծում ենք Viva-ի հետ, դառնալու է հենց այդ կանխարգելիչ միջավայրը, էկոհամակարգը եւ տարածքը պաշտպանելու է մեծ ու փոքր բնական աղետներից: Մեզ համար խիստ կարեւոր է այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ Viva-ն բնապահպանական, պատասխանատու մոտեցումը տարածում է իր աշխատակիցների, հաճախորդների եւ բնակչության շրջանում, այլ որովհետեւ երկարաժամկետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նաեւ պլանավորել մեր աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:

Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվում տեղանքի խոնավությունը, դիրքը, ծառերի կպչողունակությունը եւ անտառ դառնալու հնարավորությունները: Լեռնաջուրում այս աշնանը «Իմ անտառ Հայաստանն» աշխատել է 100 հա տարածքի վրա: Ընտրվել են փակ եւ բաց արմատային համակարգով տնկիներ. վայրի տանձ, խնձոր, կաղնի եւ այլ ծառատեսակներ: Որպես աշխատուժ՝ համայնքներից հավաքագրվել է 100 աշխատակից: