12:05 | 14.11.24 | Նորություններ | 1221

OpenAI-ը մշակում է AI գործակալ, որը կկառավարի համակարգիչը

OpenAI-ը նախատեսում է 2025 թվականի հունվարին ներկայացնել արհեստական բանականության գործակալ, որը կկարողանա օգտագործողի անունից կառավարել համակարգիչը։

Bloomberg-ի տվյալներով՝ դրա կոդային անվանումը Operator է: Այն կկարողանա օգտատիրոջ պահանջով ինքնուրույն կառավարել համակարգիչը՝ կոդ գրելու, ուղեւորություններ պլանավորելու եւ այլ գործողությունների համար: Սկզբնական փուլում այն կաշխատի «նախադիտման» ռեժիմով, նշում են Bloomberg-ի աղբյուրները: Ծրագրավորողները կկարողանան օգտվել դրանից API-ի միջոցով:

2024 թվականի հոկտեմբերին OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից ստեղծված Anthropic-ը թողարկել է Claude 3.5 Sonnet մոդելի թարմացումը, որը նեյրոցանցին հնարավորություն է տալիս շփվել համակարգչային ինտերֆեյսների հետ՝ տեսնել էկրանը, շարժել կուրսորը, սեղմել կոճակներ: Թարմացումը ներկայում բաց բետա-թեստավորման փուլում է:

The Information-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին Google-ը նախատեսում է ներկայացնել գործակալի նախադիտումը, որը կկարողանա կատարել տարբեր առաջադրանքներ բրաուզերում: Օրինակ՝ կուտակել տվյալներ, գնումներ կատարել, թռիչքներ ամրագրել: