09:56 | 07.11.24 | Նորություններ | 4152

2025 թվականին կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ամերիկայում

Թումոյի կրթական մոդելը շուտով հասանելի կդառնա Բուենոս Այրեսի պատանիների համար. 2025-ի ամռանը կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ամերիկայում։

Նախագիծը իրականություն կդառնա Թումոյի եւ Բուենոս Այրեսի կրթության նախարարության համագործակցության շնորհիվ։

Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին եւ կրթության նախարար Մերսեդես Միգելը Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների եւ զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի հետ ստորագրել են Թումո Բուենոս Այրեսի հիմնադրման մասին համաձայնագիրը:



Կենտրոնը կտեղակայվի քաղաքի Centro Metropolitano de Diseño նորարարական կենտրոնում: Ստորագրման արարողությանն ընդառաջ քաղաքապետ Մակրին եւ Թումոյի հիմնադիրները շրջել են ապագա Թումոյի տարածքում եւ քննարկել ծրագրի իրականացման փուլերը։

Բուենոս Այրեսի Թումոն հնարավորություն կընձեռի մոտ 3000 պատանու մասնագիտական կրթություն ստանալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը եւ ավելին: Կենտրոնում պատանիները կկարողանան զարգացնել ապագայում տեխնոլոգիական աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները:



Բուենոս Այրեսի կենտրոնի հիմնադրումը կարեւոր նշաձող է Թումոյի համաշխարհային ընդլայնման համար։ Հայաստանում ստեղծված կրթական ծրագիրն արդեն հասանելի է Եվրոպայում եւ Միջին Արեւելքում:

Այժմ Թումո կենտրոններ են գործում Փարիզում, Բեռլինում, Տիրանայում, Մանհայմում, Կոիմբրայում, Լիոնում, Լվովում, Մարսելում, Բեյրութում եւ Լիսաբոնում` արտացոլելով աշխարհի պատանիների համար կյանք փոխող կրթական փորձառություն ստեղծելու առաքելությունը:

Ի հավելումն Բուենոս Այրեսի կենտրոնի՝ Թումոն նախատեսում է բացել կենտրոններ Մոնտեվիդեոյում, Լոս Անջելեսում, Ամստերդամում, Լուանդայում, Քութայիսում, Տակասակիում եւ Գերմանիայի մի շարք քաղաքներում՝ Հիրշայդ, Լյուդենշեյդ, Սաարբրյուկեն, Ֆրանկֆուրտ եւ Քյոլն:



«Ամեն օր չէ, որ Թումոյի հիմնաքար ենք դնում նոր մայրցամաքում կամ մոլորակի մյուս կիսագնդում: Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, եւ ես ուրախ եմ, որ մենք այս ամենն անում ենք հուսալի գործընկերոջ` Բուենոս Այրեսի ղեկավարության եւ մեր հիմնադիրներ Սեմ ու Սիլվա Սիմոնյանների հետ` իմանալով, որ սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է այս քաղաքում, Արգենտինայում եւ ամբողջ Հարավային Ամերիկայում», - նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

«Քաղաքում Թումո ունենալով՝ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ստանալ լավագույն կրթությունը, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որը սկսվում է հենց այսօր: Թումոյի հետ մեր սերունդները ձեռք կբերեն սովորելու, ստեղծելու եւ ավելի մեծ երազանքներ ունենալու գործիքներ», - ասել է Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին: