15:25 | 04.11.24 | Նորություններ | 10660

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգմանը

Ucom-ի թիմը նոյեմբերի 1-ին միացել է Արեւորդի ՀԿ-ին եւ վերջինիս գործընկեր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքներ:

Արեւորդի ՀԿ-ն համագործակցում է FPWC-ի հետ, որը տարիներ շարունակ անտառներ է տնկում Վայոց Ձորի մարզում։ Այս տարի նախատեսված է տնկել ավելի քան 100 000 ծառ, որոնք աճեցվել ու խնամվել են տնկարաններում։

Ucom-ից շուրջ 40 աշխատակից որպես կամավոր մի ամբողջ օր անցկացրել է Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում եւ տնկել ավելի քան 2000 ծառ՝ միաժամանակ ծանոթանալով անատառային լանդշաֆտի վերականգնման ծրագրին, տարածքի բնապահպանական խնդիրներին ու հետագայում այլ կամավորական աշխատանքներին անդամագրվելու հնարավորություններին։

«Կանաչ տեխնոլոգիաները եւ շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններն են։ Այս արժեքը մենք որդեգրել ենք ոչ միայն ընկերության մակարդակով, այլ նաեւ կիսում ենք բոլորս՝ որպես անհատներ։ Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ եւ ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Անչափ կարեւոր է, երբ երկու կազմակերպության համագործակցության շրջանակում ներգրավվում են նաեւ աշխատակիցները, հատկապես, երբ խոսքը բնապահպանական նախագծերի մասին է։ Մեր հետագա համագործակցության ընթացքում նույնպես նախատեսում ենք նման նախաձեռնություններ։ Ծառատունկը անտառավերականգնման աշխատանքի սկիզբն է միայն, որին հաջորդում են տարիների խնամքի աշխատանքները», - ասել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի եւ հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների եւ թռչունների կերակրման եւ բազմացման համար նոր տարածքներ են ձեւավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը եւ այլն։