09:57 | 21.10.24 | Հոդվածներ | exclusive 5843

Ucom-ը ներսից. Զեղծարարների առջեւ «պարիսպներ» կառուցողները

Itel.am-ը շարունակում է «Ucom-ը ներսից» շարքը, որով ներկայացնում է ընկերության մի քանի ստորաբաժանումների աշխատանքը եւ աշխատակիցներին:

Այս հոդվածում ներկայացնում ենք Ucom-ի Կեղծիքների վերահսկման և հասույթի ապահովման ու Որակի վերահսկման և ռիսկերի կառավարման բաժինների աշխատանքը: Ընկերությունում գործում է որակի վերահսկման եւ ռիսկերի կառավարման նոր տնօրինություն, որի կազմում ընդգրկված են կեղծիքների վերահսկման և հասույթի ապահովման, Որակի վերահսկման և ռիսկերի կառավարման ու ՏՏ համակարգերի անվտանգության բաժինները։

Անի Ղարիբյանը, Սերինե Սարգսյանը, Նարինե եւ Աննա Հովհաննիսյաններն իրենց թիմերով հոգ են տանում, որպեսզի Ucom-ի հաճախորդները զեղծարարների զոհ չդառնան եւ անվտանգ միջավայրում օգտվեն ծառայություններից, ինչպես նաեւ մշտապես գրագետ ու որակյալ սպասարկում ստանան։

Կեղծիքի վերահսկման եւ հասույթի ապահովման բաժնի վերլուծաբան Անի Ղարիբյանն այս տարի ոսկե մեդալ է ստացել Ucom-ում 15 տարի աշխատելու կապակցությամբ։ Ասում է՝ թիմը ապրումակցող եւ հոգատար է, ինչ էլ նպաստում է, որ մարդիկ երկար աշխատեն Ucom-ում։

«Օրս սկսում եմ գործընկերներիցս հետաքրքրվելով՝ ինչպես են հասել աշխատավայր: Բոլորս մայրիկներ ենք եւ առավոտը մեզ մոտ սկսվում է երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց ուղեկցելով։ Հասկանում ենք, թե ով ինչ տրամադրությամբ է եկել ու առօրյա հոգսերը թողնելով դրսում՝ կենտրոնանում ենք գործի վրա։

photo © Մեդիամաքս


Մեր թիմի ու հատկապես իմ աշխատանքի ուղղություններից մեկը կեղծ հաղորդագրությունների ու զեղծարար հղումների հայտնաբերումն է, որոնք ուղարկվում են բաժանորդներին։ Դրանց նպատակն անձնական ու բանկային տվյալների կորզումն է։ Արագ հայտնաբերում ենք ու արգելափակում»,- ասում է նա։

Անիի խոսքով՝ թեեւ իրենց աշխատանքը հաճախորդներին կեղծիքից զերծ պահելն է, միեւնույն է, երբեմն, հանդիպում են դժգոհությունների։

Անի Ղարիբյանը Անի Ղարիբյանը
photo © Մեդիամաքս


«Կարող ենք նույնիսկ հանդիպել հաճախորդի բողոքների այն մասին, որ չեն կարողանում մուտք գործել այն հղումով, որով իրենց թանկարժեք հեռախոս կամ որեւէ այլ շահում են խոստացել։ Բայց այսպես «տխրեցնելով» մեր բաժանորդներին՝ ապահովում ենք իրենց անվտանգությունը»,- շեշտում է նա։

Աննա Հովհաննիսյանը եւս Կեղծիքների վերահսկման եւ հասույթի ապահովման վերլուծաբան է, իր պատասխանատվության ներքո տեղական եւ միջազգային կեղծ զանգերի հայտնաբերումն ու արգելափակումն է։ Նա նույնպես «հնաբնակ է»։

«2010 թվականին եմ միացել Ucom-ին: Այս բաժնի համար կարեւոր է փորձառու աշխատակից լինելը, քանի որ տիրապետում ենք ամբողջական տեղեկատվությանը եւ ինստիտուցիոնալ հիշողություն ունենք։ Իմ հիմնական ուղղությունը միջազգային եւ տեղական զանգերի վերահսկողությունն է։  

photo © Մեդիամաքս


Զեղծարարների մեթոդները տարբեր են: Օրինակ, բաժանորդներին դրդում են հետադարձ միջազգային զանգ կատարել՝ բարձր սակագնով։ Կամ ներկայանում են որպես որեւէ տեղական կամ միջազգային ընկերության աշխատակից ու փորձում են տարբեր կեղծ առաջարկների ու ակցիաների միջոցով անձնական ու բանկային տվյալներ կորզել։ Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ նման զանգերը հայտնաբերել ու արգելափակել»,- բացատրում է Աննան։

Աննա Հովհաննիսյանը Աննա Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


«Վերջերս մեր զանգերի կենտրոն էր դիմել մի տղամարդ՝ ասելով, որ չի կարողանում հետադարձ զանգ կատարել այն համարին, որից իրեն շատ գրավիչ առաջարկ էին կատարել։ Մինչ նա հետադարձ կապ կհաստատեր ու կփոխանցեր բանկային տվյալները, մենք հայտնաբերել ու արգելափակել էինք, ինչի արդյունքում էլ չէր կարողանում զանգել, ինչն էլ դժգոհության պատճառ էր դարձել։ Իհարկե, բացատրեցինք իրավիճակը եւ նա շատ շնորհակալ էր, որ կանխել էինք միջոցների կորուստը»,- պատմում է նա։

Սերինե Սարգսյանը՝ Կեղծիքների վերահսկման եւ հասույթի ապահովման բաժնի ղեկավարը, խորհուրդ է տալիս նման դեպքերից խուսափելու համար ցանկացած պարագայում կապ հաստատել այն ընկերության հետ, որից ներկայանում են զանգողները։

«Բոլորս գիտենք, որ անվճար պանիր միայն թակարդում է լինում։ Մեր բաժանորդները պետք է զգուշանան ու իրենց տվյալները չտրամադրեն երրորդ անձանց։ Մենք զգոնությունը չենք կորցնում, հրատապ դեպքերում նույնիսկ տանից ենք շարունակում աշխատել։

Սերինե Սարգսյանը Սերինե Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Ամեն անգամ տուն վերադառնալիս՝ մտովի ամփոփում եմ օրս ու ոգեւորվում այն փաստից, որ գործընկերներիս հետ միասին բազմաթիվ բաժանորդների ենք օգնել»,- ասում է Սերինեն։

Որակի վերահսկման եւ ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Նարինե Հովհաննիսյանը հաջորդ տարի սպասում է իր ոսկե մեդալին։ Նա պատասխանատու է ընկերության բոլոր այն բաժինների վերահսկման համար, որոնք ուղիղ շփում ունեն բաժանորդների հետ և բոլոր մատուցված ծառայությունների որակի համար։

«Մեր բաժինը զբաղվում է սպասարկման ու զանգերի կենտրոններից մինչեւ բաժանորդի բնակարանում մալուխներ անցկացնող տեխնիկական անձնակազմի սպասարկման որակի վերահսկմամբ։

Նարինե Հովհաննիսյանը Նարինե Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Վստահաբար կարող եմ ասել, որ ես եւ իմ գործընկերներն ամեն ինչ անում ենք, որ բացահայտենք թերացումները։ Դրանք հայտնաբերելուց հետո, քննարկում ենք աշխատակիցների հետ, որպեսզի դրանք չկրկնվեն»,- ասում է Նարինեն։

Կեղծիքների վերահսկման և հասույթի ապահովման ու Որակի վերահսկման և ռիսկերի կառավարման բաժինների աշխատանքին ծանոթանալուց հետո զրուցում ենք Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

«Մենք միշտ պաշտպանված պիտի լինենք, մեր «պարիսպները» բարձր պահենք։ Մենք միշտ նորարար լուծումներ ենք ներդնում ու թարմացնում, որովհետեւ այս չարագործներն ու կիբերհանցագործներն անընդհատ կատարելագործվում են: Այս աշխատակազմի մի մասը 24/7 ռեժիմով է աշխատում, հատկապես այն թիմը, որը պայքարում է խարդախությունների դեմ։

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը
photo © Մեդիամաքս


Մեր ընկերությունը 2023 թվականին արժանացել է ISO/IEC 27001 սերտիֆիկատին, որը հաստատում է, որ մենք բաժանորդների պաշտպանությունը հուսալի է կազմակերպված: Դա արդեն անհատներից կախված չէ այլեւս, համակարգ է գործում։ Որպես հաճախորդամետ ընկերություն ամեն ինչ պետք է անենք, որ բաժանորդներին ոչ միայն լավ, որակյալ եւ նորարար ցանց ու ծառայություններ ապահովենք, այլեւ հոգ տանենք նրանց ապահովության, անձնական տվյալների պաշտպանության համար»,- ամփոփում է Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաեւ.

Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը

Ucom-ը ներսից. հոգատարությունը, սթրեսն ու առաջին գծի «մարտիկները»

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի