14:36 | 16.10.24 | Նորություններ | 12317
Ucom-ի եւ «Արեւորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում համայնքային ենթակառուցվածքների զարգացման հերթական նախագիծն է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։
Լճավանի խմելու ջրի պոմպակայանի համար տեղադրվել է 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արեւային կայան, որը կօգնի էապես կրճատել պոմպակայանի էլեկտրաէներգիայով ապահովման հետ կապված ծախսն ու հնարավորություն կտա բնակիչներին ունենալ խմելու ջրի օրական ավելի երկար հասանելիություն։
Պոմպակայանի խիստ ծախսատարության պատճառով բնակիչները օրվա ընթացքում խմելու ջրին միայն երկու ժամվա հասանելիություն ունեին։ Այժմ, տեղադրված արեւային կայանի շնորհիվ այս ցուցանիշը 50%-ով կբարելավվի, ինչը զգալի կերպով կթեթեւացնի բնակիչների առօրյան։
««Արեւորդի»-ի հետ մեր համագործակցության շրջանակում մենք բազում արեւային կայաններ ենք տեղադրել՝ լուծելով համայնքների էլեկտրաէներգիայի խնդիրը։ Այս անգամ, այնպես է ստացվել, որ զուգահեռ լուծում ենք նաեւ ջրի խնդիր։ Կարծում եմ՝ սա ամենալավ ձեւերից է կորպորատիվ պատասխանատվություն դրսեւորելու, երբ տեխնոլոգիաներին հասանելիություն ունեցող ընկերությունները հիմնարար խնդիրներ են լուծում երկրի բնակիչների համար՝ բարելավելով նրանց կյանքի որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Լճավանի համայնքի ջրի հասանելիության հարցի լուծումը արեւային էներգիայի կիրառման միջոցով մի նոր կարեւոր քայլ է դեպի համայնքների կայուն զարգացում։ Տեղադրված արեւային կայանը ոչ միայն նվազեցնում է պոմպակայանի ծախսերը, այլեւ էապես բարելավում է բնակիչների կյանքի որակը՝ երկարացնելով խմելու ջրի հասանելիության ժամանակահատվածը։ «Արեւորդի» ՀԿ-ի համար կարեւոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք միաժամանակ լուծում են եւ՛ բնապահպանական, եւ՛ սոցիալական խնդիրները՝ նպաստելով համայնքների երկարաժամկետ զարգացմանը», - ասել է Արեւորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։
«Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Ucom ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից Լճավան բնակավայրում այս նախաձեռնությունը իրականացնելու համար։ Արեւային կայանները ոչ միայն նպաստում են համայնքի ջրաքանակի ավելացմանը, այլեւ զգալի խնայողություններ են ապահովում բյուջեի համար։ Բացի այդ, սա օրինակ է ծառայում Լճավանի մյուս բնակիչների համար՝ խրախուսելով նրանց եւս տեղադրել արեւային կայաններ իրենց բնակավայրերում՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ կայուն ապրելակերպի ձեւավորմանը» - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։
Արեւորդի ՀԿ-ի եւ Ucom-ի համագործակցության շրջանակում նախորդ տարի եւս իրականացվել է նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանեւանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արեւային կայաններ են տեղադրվել նաեւ Տավուշի եւ Սյունիքի մարզերի մի շարք տարբեր բնակավայրերում։