15:50 | 14.10.24 | Նորություններ | 6875

WCIT2024/DigiTec-ին անցկացվել է Ներդրողների տուր

Առաջին անգամ Հայաստանում Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի ընթացքում անցկացվել է Investor Tour (Ներդրողների տուր)։

35 ներդրող աշխարհի 12 երկրից Հայաստան է ժամանել՝ ծանոթանալու տեղի ստարտափներին, ընկերություններին եւ ներդրումների հնարավորություններին։

BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս իրադարձությունը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն է ընձեռել` բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ եւ շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին այցելել են համաժողովի տարածք, ԴիջիԹեք էքսպո, տեղում ծանոթացել Հայաստանի ստարտափների էկոհամակարգին։

«WCIT2024/DigiTec-ը, ԴիջիԹեք էսպոն եւ նմանօրինակ միջոցառումները հնարավորություններ են ստեղծում միջազգային ներդրողներին ներկայացնելու տեղի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Համագործակցելով BANA Angels-ի հետ՝ մենք կարողացանք հնարավորինս մոտեցնել ներդրողներին ստարտափներին, ներկայացնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգն ու զարգացումները, հեռանկարային կապեր հաստատել ու ծրագրեր նախագծել։ Համոզված եմ, որ էկոհամակարգի հետագա զարգացման համար այսպիսի տուրեր պետք է հաճախ կազմակերպվեն եւ բացառապես նման բարձր որակով»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ներդրողները հնարավորություն են ունեցել այցելել Հայաստանի միաեղջյուր ստարտափների գրասենյակներ (Unicorn startup)։

«Ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակահատվածում ունեցանք նման մեծ հետաքրքրվածություն մեր միջազգային գործընկերիներից, որոնք մեծ ցանկություն հայտնեցին այցելել Հայաստան, ծանոթանալ տեղի ստարտափների էկոհամակարգին եւ ստեղծել նոր կապեր։ Ներդրողների տուրը հաջողված էր, այն անցավ շատ դրական աշխատանքային մթնոլորտում, արդեն ունենք որոշակի հետաքրքրություն խորացնելու համագործակցությունը մի քանի ուղղությամբ եւ ակտիվ աշխատանքները շարունակվում են»,- ասել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Ներդրողների տուրի շրջանակում անցկացվել է նաեւ արտերկրից ժամանած ներդրողների եւ ֆոնդերի կառավարիչների համար LP/GP ներդրումային միջոցառումը, որը հնարավորություն է տալիս գործընկերներին հանդիպել, քննարկել ֆոնդի գործունեությունը, ներդրումային հնարավորությունները եւ ռազմավարությունները, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը եւ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ։ Միջոցառմանը ներկայացվել են հայկական վենչուրային ֆոնդերը։ LP/GP միջոցառումը նախաձեռնել էին հայկական Formula VC-ին, Granatus Ventures-ը եւ Big Story VC-ին։ 10 հայկական ստարտափ իրականացրել են փիչինգ եւ անհատական հանդիպումներ են ունեցել ներդրողների հետ։

«Հայաստանն արագորեն դառնում է տեխնոլոգիաների եւ նորարարության կենտրոն, եւ այս միջոցառումը վկայում է այն առաջընթացի մասին, որը մենք գրանցում ենք։ Այս միջոցառման շրջանակում մենք ցուցադրեցինք հայկական ստարտափների ներուժը եւ կապեր ստեղծեցինք հայ նորարարների եւ միջազգային ներդրողների միջեւ։ Վստահ եմ, որ այս իրադարձությունը հետագայում շատ լավ արդյունքներ կգրանցի»,- նշել է Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայացել է Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը։