11:52 | 08.10.24 | Նորություններ | 808

WITSA-ն հայտնել է 2024թ․ Գլոբալ նորարարության եւ ՏՏ նվաճումների մրցանակակիրների անունները

WCIT2024/DigiTec-ի ընթացքում Նորարարությունների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) հայտարարել է Գլոբալ նորարարության եւ տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները:

Երեք տարբեր մայրցամաքից ընտրված 21 անհատ ու կազմակերպություն արժանացել է 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության եւ տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը:

Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացել է WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգեւը՝ պատվելու եւ ճանաչելու այն անհատներին, որոնք էական եւ խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։

Մրցանակակիրների թվում են շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթեւեկության կառավարման եւ անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի եւ մի շարք այլ նորարարական նախագծեր։

«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել WITSA-ի Գլոբալ նորարարության եւ տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը WCIT2024/DigiTec-ի օրերին։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, ինչպես նաեւ Գարո Արմենին։ Պարոն Գարո, դուք հսկայական աշխատանք եք կատարում քաղցկեղի բացահայտման եւ բուժման գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց կյանքի որակը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WITSA-ի Գլոբալ նորարարության եւ տեխնոլոգիական նվաճումների մրցանակները նպատակ ունեն ցուցադրելու տեխնոլոգիաների վերափոխիչ ուժը տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ), առողջապահության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։