12:46 | 04.10.24 | Նորություններ | 12920

Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում եւ Վանաձորում

Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։

Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։

Արդիականացման արդյունքում մարզերում հասանելի է դառնում ավելի կայուն եւ արագ շարժական կապ։ Այն աշխատում է ժամանակակից 4G (LTE) եւ 4G+ տեխնոլոգիաներով, նաեւ պատրաստ է 5G ցանցին անցմանը։

Նշվում է, որ աշխատանքներն ընթանում են Հայաստանի ողջ տարածքում եւ երբեմն կարող են կապի որոշակի ընդհատումներ առաջացնել, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։

«Երբ մենք խոսում ենք հաճախորդի հոգատարության եւ լավ թվային փորձառություն փոխանցելու մասին, ուրեմն պետք է կենտրոնանանք տեխնիկական արդիականացման վրա։ Եվ ինչպես տեսնում եք, մենք սկսել ենք մեծածավալ արդիականացման աշխատանքներ իրականացնել, հների փոխարեն տեղադրել ժամանակակից, արդիական եւ տեխնոլոգիապես հագեցած կայաններ, նոր տեղերում տեղադրել կայաններ, որ մեր ենթակառուցվածքը այնպիսի մակարդակի հասցնենք, որ կարողանանք դրական թվային փորձ փոխանցել մեր սիրելի բաժանորդներին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված եւ բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը եւ նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։