11:48 | 02.10.24 | Նորություններ | 11460
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների առջեւ՝ խոսելով արդյունավետ հաղորդակցության թեմայի շուրջ։
Մասնավորապես, Առաջնորդության զարգացման 2024-2025 թթ. դասընթացի մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով եւ փորձով առաջնորդների համար այն կարեւոր ուղղությունների շուրջ, որոնք են ակտիվ լսելու սովորությունը, ոչ վերբալ հաղորդակցությունը, մտքերի հստակ ձեւակերպումը, հետադարձ կապի եւ կոնստրուկտիվ քննադատության ձեւերը, մշակութային առանձնահատկությունների հաշվի առնելը եւ կոնֆլիկտների հաղթահարումը։
«Գլխավոր բանը, որը պիտի անի ցանկացած առաջնորդ, իր օրինակով մշակույթ ձեւավորելն է։ Ձեր ամեն արարքով դուք պիտի ցույց տաք հարգանք բոլոր գործընկերների հանդեպ՝ անկախ նրանց պաշտոնից ու առանձնահատկություններից։ Շատ կարեւոր է, որ առաջնորդի խոսքերը չհակասեն նրա արարքներին, քանի որ ձեր փոխանցած ազդանշանները պիտի լինեն հստակ եւ հետեւողական՝ մարդկանց մեջ շփոթություն չառաջացնելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Առաջնորդության Դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի երկարամյա ջանքերը Հայաստանում նոր մակարդակի բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա փորձառության ու հայացքների հետ հաղորդակցումը կարեւոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների եւ Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։
Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական եւ միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի եւ Պարսից ծոցի ռեգիոններում։