15:21 | 01.10.24 | Նորություններ | 1142

Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է

Սեպտեմբերի 28-ին կայացել է ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էր 150 աղջիկ Հայաստանի բոլոր մարզերից։

Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել են STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցել են լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։

Հաղթող է ճանաչվել 5 թիմ, որոնք արժանացել են «ամենա-ամենա» անվանակարգին ու տեխնոլոգիական նվերների։ «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի կարգախոսն էր «Աղջիկները պետք են գիտությանը»։

«Մենք հիացած ենք տեսնել մեր գաղափարի իրականացումն ու այս հրաշք աղջիկների ոգեւորությունը։ Պարտադիր չէ, որ նրանք բոլորը գիտությամբ զբաղվեն ապագայում, բայց այս մրցույթը հաստատ շատ բան է փոխել կրթության ու ուսումնառության շուրջ նրանց պատկերացումներում։ Ես չեմ կասկածում, որ մի օր իսկապես հպարտանալու ենք նաեւ այս աղջիկներից շատերի նվաճումների համար», - նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր եւ նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։
 
 «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի իրականացմանն աջակցել են ամերիկյան Հենրի Լյուս եւ Թրայվ Արմենիա հիմնադրամները։ ՖԵՄԻՆՆՈ-ի թիմը նախատեսում է ծրագիրը դարձնել ամենամյա եւ ներգրավել առավել մեծ թվով աղջիկների։