12:06 | 23.09.24 | Նորություններ | 1745

Հայկական EasyDMARC-ը ներգրավել է $20 միլիոն ներդրում

Հայկական EasyDMARC-ը, որն օգնում է բիզնեսներին պայքարել էլեկտրոնային խարդախությունների դեմ, հայտնել է $20 միլիոն A սերիայի ներդրման մասին՝ Radian Capital-ի ղեկավարությամբ։

EasyDMARC-ը B2B SaaS ընկերություն է, որը պարզեցնում է էլ․ փոստի անվտանգության եւ վավերացման գործընթացը՝ այն հասանելի դարձնելով բոլոր չափերի բիզնեսների համար: Դա իրականացվում է դոմենի եւ էլ․ փոստի ենթակառուցվածքի պաշտպանությամբ։ Սա օգնում է կանխել ֆիշինգային հարձակումները՝ միաժամանակ բարելավելով էլ․ փոստի առաքելիությունը։

Այս ֆինանսավորման փուլով EasyDMARC-ը նախատեսում է խթանել գլոբալ ընդլայնումը՝ ներդրումներ կատարելով թիմում եւ տեխնոլոգիաներում: Ընկերությունը կընդլայնի իր թիմերը բիզնեսի բոլոր ոլորտներում եւ կզարգացնի առկա պրոդուկտները՝ ապահովելով անխափան փորձառություն իր կորպորատիվ հաճախորդների համար ամբողջ աշխարհում։

Բացի այդ, ընկերությունը կհզորացնի գործընկերային ցանցը Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ իր կառավարվող ծառայությունների գործընկերներին (MSP) տրամադրելով լրացուցիչ ռեսուրսներ եւ պարզեցված գործընթացներ՝ իրենց վերջնական հաճախորդներին ավելի լավ սպասարկելու համար:

2018 թվականին Գերասիմ Հովհաննիսյանի եւ Ավագ Առաքելյանի հիմնադրումից ի վեր, EasyDMARC-ը զգալի աճ է գրանցել՝ հավաքելով ավելի քան 83,000 հաճախորդ ավելի քան 130 երկրում։ Ընկերությունն ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Նիդերլանդներում եւ Հայաստանում։