12:41 | 18.09.24 | Նորություններ | 2424

Artsakh STEAM Fest 2024-ը Երեւանում կհամախմբի ՏՏ-ով եւ նախագծային ուսուցմամբ հետաքրքրվողներին

Հոկտեմբերի 6-ին Մերգելյան ինստիտուտում կանցկացվի Artsakh STEAM Fest 2024-ը։

Այն հարթակ է խթանելու STEAM (science, technology, engineering, art and mathematics) կրթությունը, նորարարությունը եւ համագործակցությունը ուսանողների, մասնագետների եւ մանկավարժների միջեւ: Fest-ի նպատակն է հետաքրքրություն առաջացնել STEAM ոլորտների նկատմամբ եւ խրախուսել նախագծային ուսուցումը:

Artsakh STEAM Fest-ը կներառի 3 բաղադրիչ: STEM-TALK-եր, որոնց ընթացքում գիտական, տեխնոլոգիական, ինժեներիային եւ բիզնեսին առնչվող խոսնակները կներկայացնեն իրենց փորձը եւ աշխատանքը, ինչպես նաեւ մասնակիցներին կպատմեն ոլորտում առկա հնարավորությունների, նոր տենդենցների, մասնագիտությունների մասին։ Թեմատիկ զրույցները հնարավորություն կտան համագործակցության համար կապ ստեղծել սկսնակների եւ որոշակի հաջողությունների հասած մասնագետների միջեւ։

Պանելային քննարկում «նախագծային աշխատանքների կիրառելիության կարեւորությունը» խորագրով. հրավիրված պանելիստները կպատասխանեն մասնակիցների հարցերին, կներկայացնեն ոլորտի աշխուժացմանն ուղղված իրենց տեսլականը։

Մյուս բաղադրիչը գաղափարների մրցույթն է, որի նպատակն է խթանել Հայաստանում գործող եւ նախաձեռնող խմբերի ակտիվ աշխատանքը, նրանց կապել գիտական, ինժեներական, տեխնոլոգիական եւ IT ընկերությունների հետ՝ ստեղծելով մենտորության հնարավորություն։ Մրցույթին կարող են մասնակցել այն խմբերը, որոնք ունեն նախագծային գաղափար։ Մրցույթի տարիքային նվազագույն շեմը 12 տարեկանն է։ Կհաղթեն ժյուրիի կողմից ընտրված 3 լավագույն գաղափարը ներկայացնող թիմերը, որոնց կառաջարկվեն ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրեր եւ կհանձնվեն դրամական պարգեւներ։ Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 6-ին՝ Fest-ի փակման արարողության ժամանակ։ Մրցույթին կարելի է մասնակցել՝ լրացնելով հայտը:

Մինչ այս 2022 թվականին Մարտակերտ քաղաքում կազմակերպվել էր «Artsakh STEM Expo» ցուցահանդեսը, որին մասնակցել էր շուրջ 400 մասնակից ՀՀ-ից եւ Արցախից, իսկ նախորդ տարի Ստեփանակերտում կազմակերպվել էր «Artsakh STEM Expo 2023»-ը, որն ունեցել էր շուրջ 150 մասնակից միայն Արցախից, քանի որ Արցախը շրջափակման մեջ էր։