17:38 | 20.08.24 | Նորություններ | 7670

Հայտնի են WITSA World Cup-ին Հայաստանը ներկայացնող ստատափները

WITSA ստարտափների համաշխարհային գավաթին 16 երկրների շարքում Հայաստանը կներկայացնեն Text'nPayMe եւ AllClean ստարտափները։

Կայացել է WITSA-ի ազգային` հայաստանյան փուլի մրցույթը, որին ներկայացված 9 ստարտափներից 2-ը բացառիկ հնարավորություն է ստացել ցուցադրել իրենց նորարարական լուծումները եւ Հայաստանը միջազգային հարթակում։

Մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակում Երեւանում, հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

WITSA World Cup միջազգային մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին`

•    Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,
•    Դմիտրի Ստեփանովը, Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն,
•    Սոնա Մամյանը, 10web․io զարգացման տնօրեն
•    Հայկ Հայրապետյանը, IMAST հիմնադիր եւ AI9 համահիմնադիր։

WITSA-ի ազգային փուլի եզրափակչում մրցում էին հայկական early stage/pre-series A ստարտափներ, որոնց գործունեության ոլորտները ընդգրկում էին բժշկության, առողջապահության, բանկային, առեւտրի, բիոնիկ ձեռքերի ստեղծման, թվային գովազդների օպտիմալացման ոլորտները։

Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կատարել էր գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության եւ ներուժ:

Հաղթող ճանաչված երկու ստարտափներն են՝

•    Text'nPayMe․ վճարային նորարարական հավելված է, որը մասնագիտացած է բանկերի, ֆինանսական կորպորոցիաների, հեռահաղորդակցության եւ առցանց խանութների համար՝ առաջարկելով վճարային նորարարական լուծումներ, այն առաջադեմ վճարային ստեղնաշար է, որն ինտեգրվում է ցանկացած հավելվածում եւ հնարավորություն է տալիս օգտվողներին անվտանգ եւ հարմարավետ գործարքներ կատարել իրենց սիրելի սոցիալական ցանցերում, այլուր։

    Allclean․ բնակելի տարածքների մաքրման ընկերություններին եւ տարածքների սեփականատերերին կապող հարթակ է՝ նպատակ ունի դյուրինացնելու մաքրման գործընթացը:

2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցի 32 ստարտափ 16 երկրից եւ 6 մայրցամաքից, ինչը հայաստանյան ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայանալու եւ մրցելու գլոբալ հարթակում։

Միջոցառումը նպատակ ունի ընդգծելու հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության եւ ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:

Հայաստանում WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխության համակազմակերպիչներն էին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), SmartGateVC-ն, եւ Yandex Armenia-ն՝ որպես ազգային՝ հայաստանյան փուլի գործընկեր։