16:51 | 15.08.24 | Նորություններ | 1711

Team-ը դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը

Երիտասարդների շրջանում գիտության եւ տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար Team Telecom Armenia-ն դարձել է համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը:

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձեւաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարեւոր դերը եւ նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար, ինչպես նաեւ խթանել քննադատական մտքի եւ գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը: Այն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։

«Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության եւ հասարակության միջեւ կապ հաստատելու համար, եւ որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, մենք մեծ ոգեւորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը: Մեր մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության եւ տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաեւ «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների եւ «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգեւատրի հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաեւ այն դպրոցների միջեւ, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։

Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։

«Team Telecom Armenia-ն դարձավ Գիտության շաբաթ նախագծի գլխավոր գործընկերը, որովհետեւ հավանեց եւ հավատաց գաղափարին։ Այն գաղափարին, որ մենք պետք է ձգտենք զարգացնել մեր երկրի կարիքներից բխող ուժեղ գիտություն եւ ստեղծել մրցունակ տեխնոլոգիաներ։ Այս նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է հասարակություն, որը կարեւորում է գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մեզ պետք են երիտասարդներ, որոնք չեն դադարում սովորել եւ երազել՝ ձգտելով դառնալ բարդ խնդիրներ լուծող մրցունակ գիտնականներ եւ ճարտարագետներ»,- նշել է Գիտուժի անդամ Տիգրան Շահվերդյանը։

Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երեւանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժին՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» եւ «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաեւ միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում։