12:30 | 14.08.24 | Նորություններ | 1369

Google-ի Pixel Studio նոր հավելվածը՝ կգեներացնի պատկերներ սմարթֆոնով

Google-ը ներկայացրել է Pixel Studio հավելվածը, որի միջոցով կարելի է արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծել։

Դա տեղի է ունենում տեքստային հարցում մուտքագրելով, ինչպես Midjourney-ում: Նոր արտադրանքը նախապես կտեղադրվի Pixel 9 սերիայի վերջին սմարթֆոնների վրա։

Pixel Studio-ն նման է Apple-ի Image Playground հավելվածին, որը հասանելի է iOS 18-ում: Պատկերը գեներացնելուց հետո կարող եք այն խմբագրել մեկ այլ հարցումով: Հնարավոր է, օրինակ, նկարից որոշակի տարրեր ավելացնել կամ հեռացնել, ինչպես նաեւ փոխել դրա ոճը։

Google-ն իր Made by google 2024 շնորհանդեսին ցույց է տվել, թե ինչպես է աշխատում հավելվածը։ Ընկերության ներկայացուցիչը սկզբում ստեղծել է խարույկի նկար, այնուհետեւ այն վերածել ծովափնյա խնջույքի հրավերի՝ կամուրջով եւ հրավառության ֆոնին, պատրաստված պիքսելային ոճով եւ սթիքերներով:

Pixel Studio-ն օգտագործում է Google-ի սեփական պատկերների ստեղծման մոդելը, որը կոչվում է Imagen 3: Հավելվածի արհեստական բանականությունը, թեեւ աշխատում է անմիջապես սարքի վրա, այնուամենայնիվ պահանջում է ինտերնետ կապ: