15:38 | 12.08.24 | Նորություններ | 11348
Ինչպե՞ս հաջողել ստարտափ հիմնելու հարցում, այն դարձնել պահանջված բիզնես եւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ուղիներին տիրապետող Սոֆիկ Կարապետյանը համոզված է, որ տարածքի դիտարժանությունն ամբողջ ծավալով բացահայտված չէ: Ավագ դպրոցի աշակերտուհին ժամանակ առ ժամանակ մտածել է իր նախասիրությունը բիզնես-նախագիծ դարձնելու մասին, բայց անհրաժեշտ փորձի պակասը խանգարել է ավելի համարձակ քայլեր կատարել:
Viva-ի գլխավոր գործընկերությամբ իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը սպասված ու անհրաժեշտ հարթակ է դարձել նրա համար: «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի եւ Մեդիամաքսի ընտրությամբ Սոֆիկը համալրել է ծրագրի 12 մասնակիցներից բաղկացած թիմը եւ սկսել ուսումնասիրել առաջատար ընկերությունների ստարտափ հիմնելու փորձը, հնարավոր խոչընդոտներն ու առաջ շարժվելու մեխանիզմը:
Սոֆիկն ուզում է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությամբ զբոսաշրջային նոր վայրեր ներկայացնել մեր երկիր այցելող օտարերկրացիներին, նրանց առօրյան դարձնել հետաքրքիր եւ առավել հարմար: Համոզված է՝ կարելի է բջջային այնպիսի հավելված ստեղծել, որն արդյունավետ կլինի օգտվողի համար եւ նոր թափ կհաղորդի զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: Իր համար կարեւոր ձեռքբերում համարում «Մեկնարկի՛ր» ծրագրին մասնակցելու հնարավորությունը եւ փորձում է առավելագույնը ստանալ հաջողված փորձի ուսումնասիրությունից: Շատ կարեւոր է համարում տարիքային իր խմբի համար նման ծրագրի առկայությունը:
«Երբ առաջին անգամ ծանոթացա «Մեկնարկի՛ր» ծրագրի բովանդակությանը, կարդացի, թե ինչ հնարավորություններ է տալիս այն, միանգամից հասկացա, որ ծրագիրը լավագույն լուծումն է իմ գաղափարի համար: Մշտապես մտածում էի, թե ինչու զբոսաշրջիկը չի կարող ուղղակի գալ մեր գյուղ՝ Արենի, եւ ինքնուրույն, ինչ-որ հավելվածի միջոցով, որոշել իր ուղին: Տեխնոլոգիաներն այնպիսի զարգացում են ապրել, որ կյանքն առանց բջջայինի պատկերացնելն ուղղակի անհնար է: Հավելվածի հիմնական առավելությունն այն է, որ երբ զբոսաշրջիկը գա Վայոց ձոր, չի գնա միայն շատ ծանոթ վայրեր: Օրինակ՝ կարող է տեսնել ոչ միայն Նորավանքը, այլեւ` Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի ճարտարապետը Մոմիկն է: Աշխատում եմ երազանքս իրականություն դարձնել: Կարելի է ասել՝ էսպիսի ծրագրերը բացառիկ են. դժվար է հեշտությամբ գտնել ծրագիր, որտեղ երիտասարդը կարող է ինքնադրսեւորվել եւ ճանաչել ինքն իրեն»,- ասում է Սոֆիկ Կարապետյանը:
Ծրագրի երկրորդ փուլում մենտորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը եւս կարեւոր է Սոֆիկի համար: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցներն իրենց մտքերն ու առաջարկությունները քննարկելու եւ դրանցում հաջողելու հավանականությունը գնահատելու հնարավորություն կունենան:
Կրթական ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ մրցույթ: Աշխատարաններում մշակված եւ մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգեւների: