14:07 | 02.08.24 | Նորություններ | 5887

Triple S Ventures-ը նշել է գործունեության երկու տարին

Triple S վենչուրային կապիտալի վաղ փուլի հիմնադրամը նշել է իր երկու տարին:

2022 թվականին իր հիմնադրումից ի վեր Triple S Ventures-ը ներդրումներ է կատարել տարբեր ոլորտների 12 նորարար ընկերությունում, այդ թվում՝ արհեստական բանականություն (AI), կենսատեխնոլոգիաներ (BioTech), առողջապահական տեխնոլոգիաներ (Health Tech), քվանտային ծրագրավորում (Quantum Computing), ամպային հաշվարկի տեխնոլոգիաներ (Cloud Computing) եւ կայունության տեխնոլոգիաներ (Sustainability Technology):

Հիմնադրամի ռազմավարական ներդրումներն ընդգրկում են Միացյալ Նահանգները, Հայաստանը, Միացյալ Թագավորությունը եւ Եվրոպան՝ արտացոլելով Triple S-ի գլոբալ հասանելիությունը եւ նորարարությունը խթանելու հանձնառությունը:
 
Վերջին երկու տարում Triple S Ventures-ը մոտ 2 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրել հեռանկարային ստարտափներին, որոնք միասին հավաքել են ավելի քան 20 միլիոն դոլար:

Հիմնադրվելով Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի եւ Ավագ Սիմոնյանի կողմից՝ Triple S Ventures-ը ստեղծվել է հստակ առաքելությամբ՝ բացահայտելու, ներդնելու եւ աջակցելու հեռանկարային ձեռներեցներին, որոնք ստեղծում են դրական փոփոխություն առաջացնող տեխնոլոգիաներ: Ֆոնդը առաջնորդվում է պորտֆելի հիմնադիրների հետ կայուն հարաբերություններ կառուցելու եւ նրանց ընկերությունների համար շոշափելի հավելյալ արժեք ստեղծելու հիմնական արժեքներով:

«Triple S Ventures-ում մենք հավատում ենք աշխարհը փոխելու նորարարության ուժին։ Մեր նպատակն է անհրաժեշտ ռեսուրսներով եւ աջակցությամբ հզորացնել ձեռներեցներին իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Հպարտ ենք այն ազդեցությամբ, որ մեր պորտֆելի ընկերությունները թողնում են տարբեր ոլորտներում, եւ մենք անհամբեր սպասում ենք շարունակել նորարարության եւ աճի մեր ճանապարհը»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր եւ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

Բացի իր համաշխարհային ազդեցությունից, Triple S Ventures-ը կարեւոր դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգում։ Ներդրումներ կատարելով տեղական ստարտափներում եւ խթանելով համագործակցության եւ նորարարության միջավայրը` հիմնադրամն օգնում է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական առաջընթացի եւ ձեռներեցության կենտրոն: