14:14 | 10.07.24 | Նորություններ | 6206

4 սան Հայաստանից մասնակցել է Samsung-ի հավելվածների մշակման մրցույթին

Սամսունգի բջջային հավելվածների մշակման միջազգային երիտասարդական մրցույթի վերջին փուլ են անցել UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուսի չորս շրջանավարտ:

«ՏՏ դպրոցն ընտրում է լավագույններին» մրցույթին ներկայացվել էր 64 հավելված,  որոնցից վերջին փուլ են անցել 14-ը:

Հայաստանը ներկայացնող երկու մասնակից մրցանակների են արժանացել երեք անվանակարգերից երկուսում.

3-րդ տեղ «Ծրագրավորում» անվանակարգում՝ Լեւոն Նազինյան, «Day Buddy» հավելված, ղեկավար՝ Միքայել Էլիզբարյան,

3-րդ տեղ «Սոցիալական հավելված» անվանակարգում՝ Արսեն Անոյան, «Librant» հավելված, ղեկավար՝ Արսեն Դավթյան։

Մրցույթին մասնակցած մյուս երկու հայ ուսանողներն էին.

«Ծրագրավորում» անվանակարգում Հայկ Զաժյան, «Health Manager» հավելված, ղեկավար՝ Արսեն Դավթյան,

«Սոցիալական հավելված» անվանակարգում Դավիթ Կարապետյան, «Twaddle New» հավելված, ղեկավար՝ Միքայել Էլիզբարյան։

Այս տարի UWC Դիլիջանում Սամսունգի ինովացիոն կամպուսն ավարտել են 90 շրջանավարտ: Ուսումնական ծրագրի վերջում սաները պետք է ինքնուրույն մշակեն հավելված, որն իրենց ավարտական քննությունն է: Լավագույն աշխատանքներն առաջադրվում են Սամսունգի միջազգային մրցույթին հետեւյալ անվանակարգերում՝ «Խաղ», «Ծրագրավորում» եւ «Սոցիալական հավելված»:

Նախագծերը գնահատվում են Սամսունգի հավաստագրված ուսուցիչներից, համակարգչային գիտության մասնագետներից եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից:

Բացի վերոնշյալ մրցանակներից UWC Դիլիջանը նաեւ արժանացավ նոր «Լավագույն մեկնարկ» անվանակարգի մրցանակին, քանի որ 2022 թ. ծրագրի մեկնարկից ի վեր UWC Դիլիջանը  փայլուն արդյունքներ է արձանագրել թե ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողների քանակի, թե ավարտական նախագծերի որակի առումով։

«Մենք շատ ուրախ ենք արդյունքներով։ Մեր չորս ներկայացուցիչները մշակել են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հավելվածներ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ուսուցիչներին հետեւողական եւ որակյալ աշխատանքի համար: Մեծ ծավալի աշխատանք է արվել, եւ ծրագիրն ավարտելու ցուցանիշի մասով գրանցած լավագույն կատարողական արդյունքը բարձր գնահատականի արժանացավ»,- նշել է UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

Ելույթ ունենալով մրցույթի բացմանը` UWC Դիլիջանի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է. «Սամսունգի ՏՏ դպրոցն իրապես դարձել է հայ երիտասարդների հմտությունների ու տաղանդների զարգացման շարժիչ ուժ։ Տեխնոլոգիայի ոլորտում երիտասարդների նորարարության ձգտումը գովելի է: Ոգեւորիչ է, երբ ուսանողներն իրենց հանգստյան օրերն անց են կացնում Սամսունգի լաբորատորիաներում ջանասիրաբար աշխատելով, ոգեւորիչ է գերազանցության նրանց ձգտումը: Մենք անսահման հպարտ ենք նորարարության եւ տեխնոլոգիական ծրագրերի միջոցով ազգերի միջեւ կամուրջներ կառուցելու մեր դերով»:

«Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակաբար զարգանում են եւ մուտք գործում կյանքի բոլոր բնագավառներ, Սամսունգի ՏՏ դպրոցում մեկ տարվա ինտենսիվ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը անպայման պետք կգան երեխաներին՝ հետագայում ուսման եւ կարիերայի ինչ ոլորտ էլ ընտրեն», - ասել է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պեւնեւը։