17:27 | 27.06.24 | Նորություններ | exclusive 1926

FAST-ն ամփոփել է «ԱԲ սերունդ» ծրագրի առաջին ուստարվա արդյունքները

Հունիսի 25-ին ամփոփվել են Հայաստանում ապագա նորարարների կրթական ուղին ձեւավորող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի առաջին ուսումնական տարվա արդյունքները։

«ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որը FAST-ն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ: Նպատակն է ձեւավորել ոլորտում հետազոտողի եւ նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչեւ դոկտորական մակարդակ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկումը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերին։

«ԱԲ Սերունդ» ծրագրի աշակերտ Թագուհի Սարգսյանը 15 տարեկան է, Հայաստան է եկել Արցախի Մարտակերտի շրջանից ու կրթությունը շարունակում է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվ․ թիվ 5 ավագ դպրոցում։ Նա itel.am-ի հետ զրույցում պատմել է ծրագրավորող դառնալու երազանքի ու նոր միջավայրում կրթական ճանապարհի մասին:

Թագուհի Սարգսյանը Թագուհի Սարգսյանը
photo © FAST


«Երբ Արցախում էի շատ էի ցանկանում դառնալ ծրագրավորող, ուսումնասիրում էի տարբեր ծրագրավորման լեզուներ։ Երբ տեղափոխվեցինք Հայաստան, ընդունվեցի Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվ․ թիվ 5 ավագ դպրոց։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում ասացի՝ շատ եմ ցանկանում դառնալ ծրագրավորող ու նախընտրում եմ կրթությունս շարունակել ֆիզմաթ դպրոցում: Նա ներկայացրեց «ԱԲ Սերունդ» ծրագիրն ու շատ ուրախացա, որ իմ դպրոցում այդպիսի հնարավորություն կա։

Այստեղ սկսեցի Python սովորել, որը զարգացնում է մաթեմատիկական մտածողությունը, ինչն ինձ հեշտ է տրվում։ Ընկերական միջավայր է ձեւավորվել, նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Երբ սկսեցինք աշխատել խմբերով, ավելի մտերմացանք ու դարձանք ավելի անկաշկանդ, միմյանց օգնում ենք, չենք ամաչում հարցեր տալ։ Ինքս մասնակցել եմ երկու նախագծի իրականացման՝ մաթեմատիկայից ու Python-ից»,- ասել է Թագուհի Սարգսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն իր ելույթում կարեւորեց երեխաների ոգեւորությունն ու բովանդակությամբ վարակվելը:

«Սա այն կարեւոր ծրագրերից է, որի մեկնարկն ուղղակիորեն աջակցում է կրթության ընդհանուր ռազմավարության իրագործմանը։ Ծրագիրը ցույց տվեց, որ երեխաները կարող են ոգեւորված լինել կրթության բովանդակությամբ, վարակել ու վարակվել նախաձեռնողականության ոգով։ Մեզ համար նշանակալի է, որ բոլորս կիսում ենք նույն տեսլականը եւ համատեղ աշխատում ծրագրի բարելավման եւ ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Թամարա Սարգսյանը:

Թամարա Սարգսյանը Թամարա Սարգսյանը
photo © FAST


Ծրագիրն իր դրական ազդեցությունն է թողնում նաեւ ուսուցիչների վրա։ Նրանք հատուկ վերապատրաստման ծրագիր են անցել ու նոր որակավորում ստացել։ Լորետա Դումիկյանը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում դասավանդում է մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, արդեն նաեւ «ԱԲ սերունդ» դասարանի դասղեկն է:

«Մենք ուսուցիչներս վերապատրաստվում ենք եւ հաջորդ տարի արդեն առանց կցված մասնագետի ենք աշխատելու։ Ծրագրի մասին տեղեկացել եմ տնօրենից։ Մրցույթի մասնակցեցի ու անցա։

Լորետա Դումիկյանը Լորետա Դումիկյանը
photo © FAST


Ամբողջ Հայաստանում Python ծրագրավորման լեզու ոչ մի դասարանում չէր դասավանդվում, սա առաջին դեպքն է եւ երեխաների համար էլ նորություն էր։ Ճիշտ է, դժվար էր, բայց հետաքրքիր։ Այս ծրագրի շրջանակում նաեւ երեխաները իրենք իրենց մեջ նոր գծեր բացահայտեցին՝ կամքի ուժ, դժվարություններ հաղթահարելու կարողություն, հետաքրքրություն։ Երեխաները այս ընթացքում տարբեր մասնագետների հետ հանդիպումներ են ունեցել, միջոցառումների մասնակցել։ Իրենց համար շատ հետաքրքիր ու բովանդակալից է եղել։ Հաջորդ տարի նաեւ արհեստական բանականության դասեր կլինեն»,- ասել է Լորետա Դումիկյանը:

Արհեստական բանականության զարգացումներին հարմարվելու անհրաժեշտությունը կարեւորել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը․
«ԱԲ-ն արդեն մեր ներկան է, կարեւոր է, որ այս ուղղությամբ կրթությունը սկսվի հենց դպրոցից։ Ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներում որակական տարբերությունն ակնառու է: Նախարարությունը հաստատակամ է՝ աջակցելու ծրագրին, նպաստելով գիտելիքի կիրառմանը, հատկապես մարզերում»։

FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ապագա նորարարներ կրթելը, մարզերում որակյալ կրթական հանգույցներ ստեղծելն ու տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելը ծրագրի գլխավոր նպատակներն են․

«Վերապատրաստումն ու ուսումնառությունը զուգահեռ էր, ինչը բավականին դժվար էր ուսուցիչների համար։ Նրանք այնքան ոգեւորված են իրենց նոր գիտելիքները փորձարկելով, որ հիմա արդեն իրենք են հանդես գալիս նոր առաջարկներով։ Տեսնում ենք նաեւ երեխաների ոգեւորությունը։ Համոզված եմ՝ մյուս տարի նոր խումբը այս նույն ուսուցիչների հետ աշխատանքի շրջանակում լրիվ այլ ուսումնառություն է ունենալու։

Սկզբում ծրագիրը նախատեսված էր 150 աշակերտի եւ 10 դպրոցի համար, բայց այն ավելի մասշտաբային է։ Այս պահին «ԱԲ Սերունդ» ծրագիրը գործում է 15 դպրոցում, մոտ 400 աշակերտ եւ 40 ուսուցիչ է ներառում, նաեւ՝ 8-10 հրավիրյալ մասնագետ։ Այս տարի նոր դպրոցներ չենք պլանավորում ներառել, քանի որ փորձնական ծրագիրը բավականին լայնամասշտաբ է։ Այս ընթացքում բազմաթիվ դասեր ենք քաղել դասապրոցեսի, դասաժամերի ու աշակերտների ներգրավման հետ կապված ու այժմ այդ փոփոխություններն ենք իրականացնելու ու նոր խմբերում արդեն լրամշակված ձեւով ենք իրականացնելու ծրագիրը։

Սյուզաննա Շամախյանը Սյուզաննա Շամախյանը
photo © FAST


Հիմնական մոտեցումն այն է, որ ծրագիրը ոչ թե լինի բոլոր դպրոցներում, այլ այնպես ճիշտ տեղակայված, որ գրեթե բոլոր աշակերտները հասանելիություն ունենան։ Մենք քննարկումներ ենք վարում ՀՀ ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների հետ, որպեսզի դպրոցներում առկա այլ արտադպրոցական դասընթացները նույնպես փորձենք կապել ու միացնել միմյանց՝ ավելի ուժեղ տեխնոլոգիական կրթություն տրամադրելու նպատակով։ Կենտրոնացված ուժեղ մարզային հանգույցներ ենք ուզում ստեղծել, որտեղ հասանելի կլինի որակյալ ֆիզմաթ կրթություն»։

Միջոցառման երկրորդ կեսում «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին ամփոփվել են FAST-ի հետ գործընկերության շրջանակում իրականացված Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները՝ եզրափակվելով «ԱԲ սերունդ»-ում ներգրավված մաթեմատիկայի եւ ԹԳՀԳ (Python)-ի 39 ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությամբ։ Զուգահեռ, ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ծրագրի մասնակից 15 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքներին՝ ցուցադրված միջոցառման էքսպո անկյունում։

Նունե Գրիգորյան