15:29 | 21.06.24 | Նորություններ | 1556

Team Energy-ն ձեւավորում է էլեկտրամեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում

Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը՝ առաջարկելով հատուկ փաթեթներ անհատական եւ կորպորատիվ հաճախորդներին։

Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության եւ հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։

Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի։

«Այս նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը եւ տրանսպորտային ծախսերը։ Սա լավ օրինակ է, թե ինչպես բիզնեսը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրում մի ամբողջ էկոհամակարգի զարգացման վրա»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Լիցքավորման կայաններն ապահովում են մինչեւ 160 կՎտ հզորություն եւ նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար:

Կայանների ցանցն ավելի մեծացնելու նպատակով ընկերությունը ոլորտով հետաքրքրվող անձանց առաջարկում է, համագործակցելով Team Energy-ի հետ, ստեղծել համատեղ կայան եւ ստանալ համակարգի ամբողջական սպասարկում, իսկ էլեկտրական մեքենաների պարկ ունեցողներին՝ օգտվել մեքենաների լիցքավորման գործընթացը վերահսկող հատուկ համակարգից։

Team Energy հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում եւ վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։

Armenian Auto Show 2024-ը կգործի հունիսի 21-ից 23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։