17:32 | 29.05.24 | Նորություններ | 6000

Հայտնի են EWC 2024 Հայաստանի ազգային փուլի հաղթողները

EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափ անցել է միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։

Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափից հաղթող են ճանաչվել Archestr-ը, Maquaponics-ը եւ Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին եւ կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։
Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան եւ հետաքրքիր են դառնում գաղափարները․

«Եթե ստուգեք մասնակից թիմերի նկարագրությունները, ապա կարող եք տեսնել, որ մենք ունենք միմյանցից տարբերվող ոլորտներ ներկայացնող շատ հետաքրքիր թիմեր՝ ագրոտեխնոլոգիաներից մինչեւ շինարարություն: Հաղթող թիմերը վկայում են մեր համայնքի տաղանդի եւ ներուժի մասին, վստահ ենք, որ նրանք լավագույնս կներկայացնեն Հայաստանը համաշխարհային հարթակում»:

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երեւանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաեւ «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Բացի գլխավոր մրցանակներից, միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ են հանձնվել նաեւ FAST հիմնադրամի եւ STAN-ի, ինչպես նաեւ Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։

Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։

«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար ոչ միայն ներկայանալու միջազգային հարթակներում, այլեւ մեծ ներդրումներ ներգրավելու իրենց բիզնեսի զարգացման համար։ Ուրախ եմ, որ մեր ընկերությունն աջակցում է այս կարեւոր նախաձեռնությանը։ Ստարտափները շարժիչ ուժ կարող են դառնալ մեր երկրի տնտեսական զարգացման համար, մենք պետք է ամեն կերպ խրախուսենք ու սատարենք դրանց։ Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում հաղթող թիմերին համաշխարհային փուլում»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հաղթող թիմերից Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչեւ շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա եւ հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:

MAquaponics-ի թիմը նախագծում եւ տեղադրում է համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման եւ ավանդական գյուղատնտեսության համար:

Nomiq-ը վեբի վրա հիմնված քիչ կոդով հարթակ է backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը եւ արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը եւ հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված:

EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին է հաջողվել GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ։

EWC Armenia 2024-ի ազգային հաղթողների ճանապարհորդությունը կշարունակվի համաշխարհային մրցույթի նախապատրաստմամբ: EWC Global Finals-ը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այս միջոցառումն ընդգրկում է մի շարք ելույթներ եւ մասնակիցներին առաջարկում է հնարավորություններ՝ հանդիպելու ներդրողների հետ ամբողջ աշխարհից: EWC վիրտուալ ճամբարը Top 250-ի համար տեղի կունենա սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, իսկ EWC 100-ի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: EWC Top 100-ում ներկայացվում են աշխարհի ամենահեռանկարային ստարտափները, որոնք ընտրվելու են Գլոբալ եզրափակիչի լավագույն մրցանակների համար մրցելու համար:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ՝ հյուրընկալել է EWC-ի երեք հաջող եզրափակիչ։