18:02 | 22.02.24 | Նորություններ | 8543
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով այս տարվանից Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզում գործում է արեւային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը:
Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ եւ ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը եւ անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում:
«Արեւի երկրում արեւից չօգտվելը մեծ բացթողում կլինի: Հատկապես հիմա, երբ մարդկանց կյանքը հեշտացնելու եւ դրանով հանդերձ՝ ռեսուրսները խնայելու միտում կա աշխարհում, պետք է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Մեզ համար դա ռազմավարական ուղղություններից է, ինչը դրսեւորվում է թե´ ծրագրերի, թե´ մեր հիմնական գործունեության մեջ։ Մենք արեւային ֆոտովոլտային կայանները դիտարկում ենք որպես բջջային ցանցի արդիականացման բաղադրիչ: Սա պատասխանատու մոտեցման եւ երկարաժամկետ ներդրման մոդել է, որից շահում են եւ մարդիկ, եւ բնությունը, եւ տնտեսությունը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Համատեղ ջանքերով մենք ոչ միայն փոփոխություն ենք բերում համայնքների էներգետիկ ենթակառուցվածքներում, այլեւ խրախուսում ենք կայուն կենսակերպն ու բնահեն մտածելակերպը։ Նման ծրագրերը չափազանց կարեւոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ կերտելու ճանապարհին»,-ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը բարձր է գնահատել Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացված ծրագիրը: Ուրախ է, որ արեւային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի եղանակային պայմաններից:
Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերն ու ակտիվացնում են բնակիչների կյանքը։