11:37 | 14.02.24 | Նորություններ | 1689

Մեկնարկել է «Կորիզ-Արմաթ» նոր մրցույթը

Փետրվարի 13-ին մեկնարկել է նոր ինժեներական մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը եւ ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագիրը։

«Կորիզ-Արմաթ» նոր մրցույթում կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող հանրակրթական դպրոցների բոլոր 5-12-րդ դասարանի աշակերտները եւ քոլեջի ուսանողները, ինչպես նաեւ Վրաստանում բնակվող ջավախահայ 5-12-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք եւ ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը։

«Մեր երկրի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարեւորագույն նախապայմանն է։ Այսօրվա արագընթաց թվային աշխարհում դպրոցականների համար ավելի քան երբեւէ կարեւոր է ծրագրավորում, 3D մոդելավորում եւ ռոբոտաշինություն սովորելը։ Մենք հավատացած ենք, որ սեր արթնացնելով դեպի ինժեներության հիմքում ընկած առարկաները՝ ֆիզիկան ու մաթեմատիկան եւ ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն պատրաստում ենք գնալ դեպի ապագա, այլեւ ոգեշնչում ենք նրանց դառնալ ապագայի ձեւավորման ակտիվ մասնակիցներ»,-նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

«Մասնակցելով մրցույթին, դուք պետք է հստակ գիտակցեք, որ նախ պետք է սովորել դպրոցի առարկաները։ Բայց խորհուրդ եմ տալիս, որ առաջինը սովորեք նախ ձեզ համար։ Իսկ ուսուցիչների մասին կարող եմ ասել, որ բարձրագույն արժեք ստեղծող հասարակության ամենակարեւոր մարդիկ են։ Անկախ նրանից, որ մեր երկրում կրթության ընդհանուր որակն ընկել է, մեր վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ չպետք է փոխել, բայց պետք է աշխատել, որ այդ կոչումն ունենան ամենաարժանի մարդիկ։ «Արմաթ»-ի տեսանկյունից խմբավարները մեր պատկերացրած ուսուցիչներ են։ «Կորիզ»-ի հետ գործակցությունն այս տեսանկյունից ենք կարեւորում, որ մեր խմբավարների դերը եւս հասարակության մեջ կարեւորվի ըստ արժանվույն»,-հավելել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Մրցույթն ունի երկու առցանց փուլ, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն աշակերտները, որոնք արդեն ուսումնասիրում են կամ նոր են պատրաստվում բացահայտել ինժեներական աշխարհը։ Մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց խմբավարները կպարգեւատրվեն բազմաթիվ խրախուսական եւ արժեքավոր մրցանակներով։