16:34 | 12.02.24 | Նորություններ | 1233

Մատենադարանը համալրվել է 3D սքանավորման սարքով

Մատենադարանը բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձեւաչափով սքանավորման սարք է նվեր ստացել:

Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաեւ հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

SoftConstruct տեխնոլոգիական ընկերությունից հայտնել են, որ 3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլեւ լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման եւ ուսումնասիրման համար։

«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլեւ պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - Վահե Բադալյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարեւորել է Մատենադարանի եւ մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։

«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման եւ արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի եւ արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը:

«Սքանավորման արդյունքները կնպաստեն նաեւ Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա Մատենադարանի եւ մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է»,- ասված է հաղորդագրությունում: