15:11 | 06.02.24 | Նորություններ | 1077

Դավիթ Յանն առաջարկել է Հայաստանում ստեղծել AI եզակի քաղաք

ABBYY-ի, AYB School-ի, Yva.ai-ի եւ շատ այլ բարձր տեխնոլոգիական նախագծերի համահիմնադիր Դավիթ Յանն առաջարկել է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության եզակի քաղաք, որը կդառնա համաշխարհային գիտական կենտրոն եւ գրավիչ այլ երկրների ներդրումների համար։

Այս գաղափարը Յանը ներկայացրել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ընթացքում։

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի հարյուրավոր եւ հազարավոր լավագույն մտքեր ներգրավենք Հայաստան։ Սա, օրինակ, արվել է Սիլիկոնյան հովտում։ Բայց ի՞նչը կարող է Հայաստան գրավել արհեստական ինտելեկտի ոլորտի գիտնականներին։ Կա միայն մեկ բան՝ տվյալներ, որոնք հասանելի չեն այլ տեղ։ Ի՞նչ տվյալներ: Առաջին հերթին կենսաբանական, մուլտիմոդալ»,- ասել է Դավիթ Յանը։

Մասնավորապես, ըստ նրա, խոսքը մարդու գենոմի, արյան խմբի, սերոտոնինի, դոպամինի, օքսիտոցինի եւ այլ հորմոնների պարունակության, թթվածնի եւ այլնի մասին է։
«Նման տվյալներ չկան, քանի որ ամբողջ աշխարհում դա գաղտնի տեղեկատվություն է։ Ահա թե ինչու Եվրոպան, ունենալով անձնական տեղեկատվության լուրջ սահմանափակումներ, ավելի դանդաղ է զարգանում, քան ԱՄՆ-ն ու Չինաստանը»,- նշել է նա։

Յանն առաջարկում է Հայաստանում ստեղծել այնպիսի անկլավ, որտեղ կտեղափոխվեն գիտնականներն ու նրանց ընտանիքները՝ մոտավորապես 25 հազար ընտանիք։ Նրանք մուտք կունենան այս տեղեկատվությանը եւ միեւնույն ժամանակ կներկայացնեն իրենց մասին նման տվյալներ։

«Դա անելու համար հարկավոր է կառուցել ժամանակակից փոքր ատոմակայան, հողմային եւ արեւային էլեկտրակայաններ, սակայն այդ հզորությունները բավարար չեն, քանի որ մեծ սերվերային հզորություններ են անհրաժեշտ. սա կլինի աշխարհի ամենամեծ տեղեկատվական կլաստերը։ Սերվերները կարտադրեն քաղաքը տաքացնելու համար ջերմություն: Եթե մենք նման նախագիծ կազմենք եւ համաձայնենք, որ յուրաքանչյուր երկիր ներդրումներ կատարի այս քաղաքում, ապա այն նման կլինի Միջազգային տիեզերակայանի եւ Հադրոնային կոլայդերի։ Եթե 100 երկիր ներդնի 25-50 միլիարդ դոլար, ապա յուրաքանչյուր երկիր կկարողանա համամասնորեն գիտնականներ ուղարկել ապագայի այս քաղաք, կստանան տեղեկատվություն, իսկ գիտական հայտնագործությունների ու հրապարակումների թիվը անգերազանցելի կլինի»,- ասել է Յանը` նշելով, որ Հայաստանն այսպես կարող է մշտապես հիշատակվել համաշխարհային մամուլի էջերում:  

Քաղաքը կարող է ունենալ մարդանման ռոբոտներ, թռչող անօդաչու սարքեր եւ ինքնավար մեքենաներ։ Այնուամենայնիվ, սա սահմանափակված տարածք է լինելու, եւ միայն գիտնականներին հասանելի կլինի տեղեկատվությունը: