13:51 | 05.02.24 | Նորություններ | 1063

Synergy. «Մեր գործընկերներն անմեղ են»

Հայաստանում «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի եւ նախկին աշխատակցուհի Անի Գեւորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաեւ ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ խափանման միջոցի կիրառում եւ հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։

Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած եւ իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որեւէ ֆինանսավորում կամ առավել եւս վճարում չի կատարվել, հետեւաբար պետությանը չէր էլ կարող որեւէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ եւ՛ բարոյական, եւ՛ առողջական, եւ՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաեւ մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում եւս գործել ենք նույն սկզբունքով։

Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում եւ գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկրներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել եւ շարունակում է ունենալ նաեւ ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման եւ հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի եւ անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։

Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով եւ բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար եւ աշխարհի առջեւ բացել ՏՏ ներուժի նոր հեռանկարներ։

Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաեւ խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։