10:18 | 15.01.24 | Նորություններ | 1518

Վիվա-ՄՏՍ-ի վաճառքը դարձյալ կարող է չկայանալ

«ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ վաճառքի գործարքը, որին 2023 թվականի նոյեմբերին հավանություն էր տվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), կարող է չկայանալ:

Այդ մասին է վկայում հունվարի 17-ին կայանալիք ՀԾԿՀ նիստի օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ ««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին»:

Որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է, որ վաճառքի դեմ հանդես է եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ավելի վաղ դրական եզրակացություն էր ներկայացրել:

2023թ. նոյեմբերի 3-ին «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Itel.am-ը նշում է, որ ավելի վաղ, 2023 թվականի ապրիլին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

Գործարքի դեմ էր հանդես եկել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ապրիլին հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։