16:55 | 04.01.24 | Նորություններ | 2670

Հաստատվել են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը եւ կարգը:

2024 թ. հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար կհատկացվի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված եւ առնվազն աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ աշխատող գիտական աշխատողներին: Կպահպանվի ներկայում սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ:  

Կառավարության նիստին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան»։

«Ներկայում բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձից 778-ը այս պայմաններին բավարարման խնդիր կունենա, դրանով կխրախուսենք, որպեսզի նրանք նույնպես անցում կատարեն ամբողջությամբ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունվարի 1-ից երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է:

«Գործընթացը դեռ չի ավարտվել, աշխատավարձի բարձրացում նախատեսվում է նաեւ 2025 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ մենք ունենք մինչեւ 300%-ով աշխատավարձերի բարձրացումներ:

Քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք: Սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ-չստանալու խնդիր կունենա: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան: Մեր նպատակն այն է, որ սրանով նրանց խրախուսենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»,- եզրափակել է նա: