17:19 | 28.12.23 | Նորություններ | 23636

Ucom-ի նվերը Գողթանիկ բնակավայրին

Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Եղեգիս խոշորացված համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական շենքին տեղադրվել է 6.9 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան:

Նպատակը կանաչ հայեցակարգի տարածումն է եւ համայնքային ենթակառուցվածքների զարգացումը:

«Սոցիալական պատասխանատվության մեր թիրախում գտնվում են բոլոր գյուղերը, որտեղ կարող ենք բարեգործություն կատարել: Գողթանիկում այլընտրանքային էներգիայի ստացման այս կայանի տեղադրումով լուծում ենք երկու հարց՝ հնարավորություն ենք տալիս վարչական շրջանին ջեռուցել շենքը եւ կից մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում է գողթանիկցիների ժամանցը, եւ երկրորդ՝ գումար են խնայում կենսական նշանակության այլ հարցեր լուծելու համար»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության եւ «Արեւորդի» բնության եւ մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի կառավարման հոգսերը մեղմելուն:

«Արեւորդի հասարակական կազմակերպությունը 2006 թվականից ի վեր իրականացնում է բնապահպանական ծրագրեր: Ucom-ի հետ այս ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կկարողանա ավելի արագ զարգանալ: Տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանի աշխատանքից խնայված միջոցները հնարավոր կլինի վերաուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը»,- նշել է «Արեւորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Արեւային ֆոտովոլտային այս կայանի խնայողությունների արդյունքում մենք հնարավորություն կունենանք այդ գումարը ծախսել այլ ոլորտների բարելավման համար` օրինակ արջերի հարձակումների պատճառված վնասների հատուցման ուղղությամբ: Արեւային կայանի տեղադրումը արդյունավետ է եւ օգտակար»,-նշել է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։