13:08 | 28.12.23 | Նորություններ | 2060

OpenAI-ը Ջոնի Այվի հետ կթողարկի իր առաջին AI գաջեթը

Apple-ի թոփ մենեջեր Թանգ Թանը կմիանա Apple-ի լեգենդար դիզայներ Ջոնի Այվին եւ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանին՝ աշխատելու LoveFrom-ում, որն Այվը հիմնադրել է 2019 թվականին, հայտնում է Bloomberg-ը։

Apple-ում Թանը աշխատել է iPhone-ների եւ Apple Watch-երի վրա, սակայն փետրվարին կփոխի աշխատանքը: Ենթադրաբար, LoveFrom-ում նա կաշխատի ինչ-որ գաղտնի գաջեթի վրա, իսկ OpenAI-ը դրա համար կմշակի ծրագրակազմ։

Նախկինում Այվն արդեն LoveFrom-ում ներգրավել էր Apple-ի մեկ այլ թոփ մենեջեր՝ գիտաշխատող Շոթա Աոյագին: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ սարքի վրա են նրանք աշխատում, սակայն Bloomberg-ը նշում է, որ նախնական պլանը եղել է խելացի տան գաջեթների հավաքածու մշակելը, սակայն պլանները գուցե փոխվել են։

Ալթմանը նախկինում հաստատել է, որ OpenAI-ի առաջին գաջեթի նպատակը սմարթֆոնին փոխարինելը չի լինի. նա իմաստ չի տեսնում մրցակցել այնպիսի հայտնի սարքի հետ, ինչպիսին iPhone-նն է:

Նախկինում Ալթմանն արդեն աջակցել էր Apple-ի նախկին աշխատակիցների մեկ այլ նախագծի՝ նա ակտիվորեն ներդրումներ էր կատարում Humane-ի վերջերս ներկայացրած AI Pin-ում: Սա առանց էկրանի շարժական կրելի սարք է, որը կառավարվում է ձայնային օգնականի կողմից՝ հիմնված GPT-4 լեզվի մոդելի վրա եւ ունի լազերային պրոյեկտոր տեղեկատվության ցուցադրման համար։ Այս գաջեթը պարզապես ցանկանում է փոխարինել սմարթֆոնը, որպեսզի մարդիկ ավելի քիչ ժամանակ ծախսեն էկրանին նայելու համար: Սակայն հենց OpenAI-ը դեռ չի թողարկել ոչ մի գաջեթ: