15:38 | 22.12.23 | Նորություններ | 1722

Արցախից «Մունք» տեխնոդպրոցը կգործի Հայաստանի 4 մարզում

Արցախից Հայաստան հասած «Մունք» տեխնոդպրոցը կգործի Սյունիքում, Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Ջավախքում։

2024-ին «Մունք» տեխնոդպրոցը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ նոր շարժական լաբորատորիաներ գործարկել Սյունիքի մարզի Կապան համայնքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում եւ Ջավախքում: Ընդլայնումից հետո ծրագրում հնարավոր կլինի ներառել ավելի քան 900 շահառու:

Կրթական ծրագիրը ներառում է 3 մասնագիտական ուղղություն՝ ռոբոտաշինություն, դիզայն եւ ծրագրավորում: Յուրաքանչյուր ուղղություն իր մեջ ներառում է ընդհանուր 10-ից ավելի մասնագիտություն:

2023-ի սեպտեմբերին տեխնոդպրոցի ամբողջ թիմն Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընդամենը հաշված օրերի ընթացքում վերսկսել է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ 3 ամսում ծրագրում ներգրավել է ավելի քան 300 շահառու` Լոռու մարզի 6 համայնքից:

«Նպատակ ունենք, որ 2025-ի գարնանը կունենանք ավելի քան 300 լայն բազային գիտելիք ունեցող, մասնագիտական կողմնորոշում ստացած, «Բացահայտում» փուլը հաղթահարած շահառու: Նույն տարվա աշնանը կունենանք այս փուլը հաղթահարած եւս 100 երիտասարդ»,-նշել է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։

Տեխնոդպրոցի առաքելությունը տաղանդների բացահայտումն է եւ նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։