12:46 | 02.12.23 | Նորություններ | exclusive 1729

«Հայասաթ-1». օրինաչափություն եւ հրաշք

Դեկտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով 22:18-ին, Միացյալ Նահանգների Վանդերբերգ քաղաքից «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք արձակվեց SpaceX ընկերության Falcon 9-ը հրթիռով։

«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ «Բազումք»-ից հայտնում են, որ հաջորդ փուլում արբանյակն ինքնավար կերպով բացում է իր կապի անտենաները եւ հեռարձակում պարբերական ազդանշաններ, որոնք պարունակում են հեռաչափական տվյալներ եւ Կոմիտասի «Կաքավիկ» մեղեդին:

«Բազումք»-ի համահիմնադիր եւ տնօրեն Ավետիք Գրիգորյանը iTelam-ի հետ զրույցում կիսվել է իր հույզերով արբանյակի արձակումից անմիջապես հետո։   

«Մի կողմից, ուզում եմ ասել՝ կատարվեց այն, ինչ օրինաչափ է: Մյուս կողմից էլ, երբ պատկերացնում ես՝ ինչ իրավիճակում եւ ինչ դժվարությունների միջով անցնելուց հետո սա եղավ, ուզում եմ ասել՝ հրաշք կատարվեց։ Սա մեծ հավատի ու չընկրկելու շնորհիվ էր։ Նվիրում, ձգտում ու մեծ երազանք ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս ամենը տանում է դեպի մեր երկրի ամրապնդմանը։ Տիեզերական բնագավառն ամենաբարձր տեխնոլոգիական բնագավառն է։ Եթե այդ ուղղությամբ գործունություն ես ծավալում, դառնում ես լոկոմոտիվ բոլոր ուղղությունների համար»,- ասել է Ավետիք Գրիգորյանը։   

Հայասաթ-1-ը CubeSat ձեւաչափի արբանյակ է։ Այս տեսակը տրամադրում է տիեզերք մուտք գործելու ծախսարդյունավետ միջոց եւ առաքելությունների ու հետազոտական աշխատանքների լայն շրջանակ։ «Բազումք»-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանի խոսքով, շատ գործընթացներ քայլ առ քայլ իրականացվել են առաջին անգամ՝ ռադիոհաճախականությունից, ուղեծրի դիրքավորումից մինչեւ SpaceX-ի թույլտվությունը ստանալը։


«Հայասաթ-1»-ը փոխանցելու է 2 տեսակի տվյալներ. առաջինը՝ փարոսի տեսքով մի քանի վայրկյանը մեկ ընդհանուր տվյալների փոխանցումն է, որը պարունակում է արբանյակի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեցող տվյալներ՝ ինչ վիճակում են մարտկոցները, արեւային պանելները, համակարգիչը եւ այլն։ Երկրորդ տեսակի տվյալները ստանում ենք արբանյակից՝ երբ դիմում ենք։ Այստեղ ներառված են շատ ավելի մանրամասն տվյալներ եւ՛ արբանյակի, եւ՛ օգտակար բեռի մասին, ինչը ներառում է իներցիոն համակարգերի չափիչ սարքավորումներ։ Այն ամբողջությամբ նախագծվել եւ հավաքվել է Հայաստանում։ Ինչպես նաեւ այն ունի GPS, որն էլ ուղեծրի մասին տվյալներ կհաղորդի։ Այդ տվյալներն արդեն հաջորդ արբանյակների նախագծման համար շատ օգտակար կարող են լինել»,- նշել է Հայկ Մարտիրոսյանը։

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է Բազումքի ու Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի (CSIE) կողմից։

«Բազումքի» գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Նունե Գրիգորյան