17:55 | 27.11.23 | Նորություններ | 1699
Նոյեմբերի 24-26-ը կայացել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը (AEW 2023)՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը եւ արվեստը» խորագրի ներքո։
«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը երեք օր շարունակ ներառել է բազմաֆորմատ միջոցառումներ։
«Սա Հայաստանում տեխնոլոգիական համայնքի կարեւորագույն միջոցառումներից մեկն է, որը նվիրված է ճարտարագիտության ոլորտին։ Հայաստանի հիմնական մրցակցային առանձնահատկությունը տաղանդն է եւ ոչ միայն որպես որակյալ աշխատուժ, այլեւ որպես ստեղծագործ տաղանդ։
Այս տարի Ճարտարագիտական շաբաթի ընթացքում շեշտադրումը ոչ միայն ճարտարագիտության, գիտության եւ արվեստի վրա ենք դրել, այլեւ` այս իրավիճակում Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հեռանկարների: Հատկապես բարձր տեխնոլոգիաները դրան կարող են աջակցել եւ անմիջական ազդեցություն ունենալ ռազմավարական ոլորտում համագործակցությունների ձեւավորման ու հարաբերությունների ամրապնդման վրա։
Այս տարի նույնպես մարզերի երիտասարդների հզորացմանն ուղղված ծրագրեր կան, որոնց նպատակն է լուծել նրանց առաջ կանգնած մարտահրավերներն ու խնդիրները»,- iTel.am-ի հետ զրույցում նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։