17:51 | 21.11.23 | Նորություններ | 1748

Capture the Flag 2023. hայտնի են կիբերանվտանգության մրցույթի հաղթողները

Նոյեմբերի 17-18-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացվել է կիբերանվտանգության Capture the Flag 2023 ամենամյա մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում:

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 129 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվել է 32 թիմ։ 24 ժամվա ընթացքում նրանք մրցել են միմյանց հետ, գտել բազմապիսի խոցելիություններ, հետազոտել վիրուսներ ու վնասակար այլ ծրագրեր եւ հաղթահարել խնդիրներ, որոնք ծագում են կիբերանվտանգության ոլորտում։

Երկու օր տեւած պայքարի արդյունքում Ghost Hunters թիմը դարձել է մրցույթի հաղթող, իսկ Evil Corp եւ Nzhdeh թիմերը զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը։

«Երկրում ոլորտը զարգացնելու ուղղությամբ մենք Cyhub Armenia նախաձեռնության շրջանակում շարունակաբար իրականացնում ենք տարբեր դասընթացներ, միջոցառումներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով ոլորտը դարձնել գրավիչ երիտասարդների համար։ Միայն 2023 թվականին իրականացրել ենք կիբերանվտանգության երկու ճամբար եւ մի շարք դասընթացներ։ 120-ից ավելի երիտասարդ հետաքրքրվել եւ իր առաջին քայլն է արել այս ոլորտում։ Capture the flag մրցույթը հետաքրքիր հարթակ է նաեւ նրանց համար՝ գործնականում ցուցադրելու իրենց հմտությունները», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Cyhub Armenia» նախաձեռնություն ղեկավար Մարի Բարսեղյանը։

Մրցույթն անցկացվում էր Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարություն աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը եւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը։ Միջոցառման տեխնիկական գործընկերն է UCOM ընկերությունը։