15:30 | 07.11.23 | Նորություններ | 1694
ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցած ԵՊՀ-ն ներկայացնող 4 թիմ գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
ICPC մրցույթի քառորդ եզրափակիչ փուլին ԵՊՀ-ն ներկայացել է 11 թիմով։ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին մասնակցել են 31 մրցութային եւ 3 արտամրցութային թիմ 9 համալսարանից եւ դպրոցից:
«ԵՊՀ-ն բարձր է գնահատում նմանօրինակ միջոցառումները, քանզի մեծ է ուսանողների դերը մեր երկրի վերաբերյալ պատկերացում կազմելու գործում։ Պատահական չէ, որ Հայաստանի մասին խոսելիս ասում են՝ այստեղ ապրում են մաթեմատիկական կուռ գիտելիքներով զինված մարդիկ»,- ասել է ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։
ICPC-ն ծրագրավորման ուսանողական միջազգային օլիմպիադա է, որին մասնակցում է շուրջ 3000 համալսարանից ավելի քան 50 000 ուսանող։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այս հեղինակավոր մրցույթին ԵՊՀ- ն միացել է 2000 թվականից: ԵՊՀ թիմերին երեք անգամ հաջողվել է անցնել եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում արժանացել է բրոնզե մեդալի: