16:28 | 06.11.23 | Նորություններ | 6711

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Փարոս» կամերային երգչախմբի գործընկերությունը շարունակվում է

Կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր, «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը:

Իր տեսակի մեջ եզակի երգչախումբը ներառական է. երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Ստեղծագործական կայացման երկար ուղի անցած երգչախումբը ստեղծվել է երեսուն տարի առաջ՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդկանց հոգեբանական ռեաբիլիտացիան ապահովելու համար:

«Արդեն այսօր «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս»-ը երկրում մեծ ճանաչում ունի: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոս»-ը կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի եւ արտերկրի մեծ բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)՝ դրսեւորելով բարձր պրոֆեսիանոլիզմ եւ խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: «Փարոս»-ն իր օրինակով լիարժեք ապրելու եւ ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց. արվեստը ոչ միայն ինքնադրսեւորվելու հնարավորություն է, այլեւ ապրեցնելու ուժ ունի»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր ստեղծագործական նվաճումները անհնար կլինեին առանց աջակիցների։ Դրա վառ ապացույցն է 2011թ.-ին Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» միջազգային մրցույթում «Փարոս»-ի հաղթանակը, որն արձանագրվեց, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց Վիվա-ՄՏՍ-ը։ Այդ հաջողությանը հաջորդեցին Երգչախմբերի համաշխարհային խաղերին «Փարոս»-ի նվաճած արծաթե 4 մեդալները (2014 եւ 2016թթ.) եւ հետագա բազմաթիվ պատասխանատու ելույթներն ու հյուրախաղերը», - ասել է «Ունիսոն» ՀԿ-ի եւ «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Փարոս»-ի հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Խումբը կատարել է Կոմիտա¬սի, Մ. Եկմալյանի, Հ. Օդաբաշյանի, Գ. Օրբանի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից, հնչել է նաեւ Կ. Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիայի ֆինալը։

Համերգին մասնակցել են օպերայի սիմֆոնիկ նվագախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, «Արեւային զանգակները», Արցախի պետական երգչախումբը եւ Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը։