17:30 | 08.11.23 | Հոդվածներ | exclusive 2710

Social GovTech. սոցպաշտպանության ոլորտի թվային փոխակերպումը Հայաստանում

Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող թվային փոխակերպումների նպատակն է վերափոխել պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ մատուցելով մարդակենտրոն, հասանելի եւ ներառական թվային ծառայություններ։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծվող զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության ոլորտի հարթակների մասին Itel.am-ին պատմել է կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Սոցպաշտպանության ոլորտի հիմնական թվային հարթակների հետ մեկտեղ տարբեր իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերի համար նախատեսված հարթակներ։

Սեպտեմբերի 19-ից հետո, երբ առաջացել էր Արցախից բռնի տեղահանված հայությանն արագ օգնելու եւ աջակցելու անհրաժեշտություն, ստեղծվել է մի քանի կարճաժամկետ հարթակ, որոնք արագ արձագանքում են երկրում տեղի ունեցող իրավիճակին եւ կարողանում քաղաքացիներին աջակցություն ցուցաբերել: Դրանցից է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։

Առաջնային կարիքի հաշվառման հարթակը Առաջնային կարիքի հաշվառման հարթակը


«Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին օնլայն համակարգով մի քանի վայրկյանում հարցաշար լրացնել՝ նշելով, թե ով են իրենք, որտեղ են հիմա գտնվում, ինչի կարիք ունեն։ Այսինքն՝ կարողանում են իրենց կարիքի մասին արագ հայտնել պետությանը:

Այս հարթակում են նաեւ ԼՂ բնակչության պետական ռեգիստրը եւ Միգրացիոն ծառայության ռեգիստրը, որպեսզի հնարավոր լինի մարդկանց նույնականացնել՝ խաբեությունից խուսափելու ու մարդկանց կարիքները ճիշտ գնահատելու համար:

Նույնականացնելով տվյալները՝ հասկանում ենք, որ այս մարդիկ շահառու են։ Հասկանում ենք՝ իրենք եւ իրենց ընտանիքի անդամներն ինչ կարիքներ ունեն, արդյոք իրենց հետ կան հաշմանդամություն ունեցող անձինք, փոքր երեխաներ եւ այլն: Այնուհետեւ անհարժեշտ տեղեկատվությունը հասանելի ենք դարձնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը, համայնքապետարաններին: Կարիքների մասին տեղեկատվությունը կիսում ենք նաեւ դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի աջակցությունները համաչափ բաշխվեն»,- ասում է Անահիտ Պարզյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի իրավիճակներում կարեւոր է հատկապես համակարգված աշխատանքը, կարիքի մասնագիտական գնահատումը, ինչպես նաեւ ռեսուրսների ճիշտ ու ժամանակին բաշխումը, ուստի հարթակը լայնորեն կիրառվում է  շահառուների շրջանում.

«Մենք որոշեցինք մարդկանց տրամադրած օգնությունները համակարգել եւ ուղղորդել մասնագիտորեն: Չի կարելի մարդուն տալ մեկ շիշ գազավորված ըմպելիք եւ դա դիտարկել որպես օգնություն, եթե առկա է այլ՝ ավելի հիմնարար կարիքի առկայություն: Սրա միջոցով պետությունը նաեւ հնարավորություն ունի տեսնելու քաղաքացուն եւ նրա ընտանիքն անմիջապես»:

Հարթակի միջոցով հավաքագրվել է 71 հազարից ավելի կարիք։

Աջակցությունները՝ քարտեզում

Առաջնային կարիքի հաշվառման հարթակի հետ զուգահեռ կիրարկվել է նաեւ Աջակցությունների քարտեզը:

«Շատ կազմակերպություններ եւ անհատներ ուզում են աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, եւ որպեսզի աջակցությունների ցուցաբերմամբ մեկ տեղում կուտակում չառաջանա, եւ չլինեն մարդիկ, որոնք դուրս կմնան այս ցանցից ու չեն նկատվի, մեկնարկեց այս հարթակը, որտեղ նախաձեռնությունները, անհատները եւ դոնորները ամրագրում են, թե իրենք որ կազմակերպությունն են ներկայացնում, որ տարածքում են ցանկանում կամ կարող առաջարկել աջակցություն, ինչպես նաեւ աջակցության տեսակներն են նշում՝ սոցիալ-հոգեբանական, կրթական, իրավաբանական, հիգիենիկ պարագաների, տաք սննդի տրամադրում եւ այլն»,- Itel.am-ին ասում է Անահիտ Պարզյանը:  

Աջակցությունների քարտեզը Աջակցությունների քարտեզը


Քարտեզի վրա՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, երեւում են տեղակայման վայրի նշանները, որոնց վրա սեղմելով՝ ցուցադրվում են, թե այդ տարածքում քանի կազմակերպություն կա եւ ինչ աջակցություն է տրամադրում:

«Դա հրաշալի պատկեր է տալիս, թե իրականում ինչ ռեսուրսներ եւ կարիքներ ունենք: Նույնականացնելով եւ՛ քաղաքացիներին, եւ՛ կազմակերպություններին՝ մենք վերահսկում ենք նաեւ նրանց, որոնք իրավունք չունեն աջակցություն տրամադրելու, օրինակ՝ գեղեցկության սրահն ուզում է իրավաբանական ծառայություն առաջարկել: Պարզ է, որ չի կարող: Կամ ինչ-որ անհատ անվճար բժշկական ծառայություն է առաջարկում: Եթե չկա նույնականացում եւ մասնագիտական որակավորում, բնական է՝ նման ինֆորմացիան կֆիլտրվի։ Սրանք «վտանգավոր» աջակցության տեսակներ են եւ կարող են լուրջ վնաս հասցել մարդկանց: Փոխարենը՝ մասնագիտացված աջակցող կենտրոնները, միջազգային կազմակերպությունները կարող են իրենց տեղեկատվությունը տարածել, ինչը կհամադրվի կարիքների ցանկի հետ»,- նշում է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենը:

Կամավորների աջակցության եւ զբաղվածության հարթակները

Արցախից բռնի տեղահանված մարդկանց օգնելու նպատակով իրականացվող կամավորական աշխատանքները ժամանակային եւ տարածական առումներով ճիշտ կազմակերպելու համար ստեղծվել է նաեւ Կամավորների հայտագրման հարթակը։

Կամավորների հայտագրման հարթակը Կամավորների հայտագրման հարթակը


«Այստեղ հայտը լրացնելու ժամանակը 27 վայրկյան է: Այն ուղղված է կամավորական խմբերին ճիշտ ուղղորդելուն:

Կրկին հանրայնացվել է Զբաղվածության ապահովման Գտիր Աշխատանք հարթակը, որը ուղղորդում է գործատուին եւ աշխատանք փնտրողին իրար գտնել:

Ցանկանում ենք նաեւ այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ստանան ոչ միայն աշխատանք փնտրել, երբ գործազուրկ են, այլեւ՝ երբ արդեն ունեն, բայց ուզում են ավելի մրցունակ աշխատանք գտնել»,- ասում է նա:

Գտիր աշխատանք հարթակը Գտիր աշխատանք հարթակը


Հարթակի տարածման ընթացքում թափուր աշխատատեղերի թվաքանակը 4600 էր:

Սոցիալական ապահովությունը

Նա նշում է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման ներկա խոշոր ծրագրերից է նաեւ Ընտանեկան աջակցության (Նպաստների համակարգի) բարեփոխումը: Ստեղծվել է մեկ ընդհանուր դիմումների միասնական հարթակ, որտեղ քաղաքացին աջակցություն ստանալու համար կարող է դիմել առցանց:

«Տվյալների մշակումը տեղի է ունենում իրական ժամանակում: Եթե քաղաքացին ունի անշարժ գույք, իրականացրել է շարժական գույքի առքուվաճառք, որը տվյալ դեպքում թիրախային խմբի բնորոշ հատկանիշ չէ, ավտոմատ կստանա մերժում: Եթե անձը գտնվում է թիրախային խմբում, ստանում է ծանուցում հաջորդ քայլերի մասին, ինչին հաջորդում է տնայցը:

Կասկադային, հիբրիդային բանաձեւերի միջոցով կորոշվի՝ քաղաքացին ստանալու է սոցիալական աջակցություն միայն գումարի եւ ծառայությա՞ն տեսքով, թե՞ միայն ծառայության»,- մանրամասնում է Անահիտ Պարզյանը:

Տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացու մասին իմանալ այնքան տվյալ, որպեսզի կայացվի օբյեկտիվ որոշում: Փորձելու են հարթակի գործունեության մեջ ներառել նաեւ արհեստական բանականությունը՝ հասկանալու, թե ինչ տեսակի կեղծարարություններ կարող են կատարվել, ինչ բնորոշիչներ ունեն դրանք, որպեսզի վերլուծելով կանխեն հետագա նմանատիպ խաբեությունները, համակարգն էլ բարելավվի:

Սոցիալական ապահովության հարթակ Սոցիալական ապահովության հարթակ


«Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման հիմքում այն տրամաբանությունն է, որ ոչ թե քաղաքացին է դիմում պետությանը, այլ պետությունն է փնտրում եւ գտնում իր շահառու քաղաքացիներին՝ ստեղծելով թվային արագ լուծումներ: Մեր նպատակն է ապահովել մատչելի ու հասանելի, քաղաքացիակենտրոն թվային ծառայություններ»,- ասում է Անահիտ Պարզյանը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացուն առցանց դիմել ծառայություն ստանալու համար: Թվային ծառայությունների մատուցման տեսակետից սա քաղաքացու հետ ապահովում է շփում, փոխում ծրագրերի տրամադրման կարգը:

«Տվյալ համակարգի թվային ճարտարապետությունը, ծառայությունների մատուցման շղթան հետաքրքրություն է առաջացրել նաեւ այլ երկրներում։ Կարեւորագույն կետերից է տվյալների շտեմարանների համադրումը եւ համաժամանակյա տվյալների ստացման հիմքով նախալրացված քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցումը: Այսինքն՝ քաղաքացուն բավարար է միայն լրացնել անձը նույնականացնող տվյալները, մնացած բոլոր շտեմարաններից քաղաքացու մասին տվյալներն արդեն տվյալ ծրագրի շրջանակում լրացվում են դիմումի մեջ, ապահովում հետագա գործընթացները՝ առանց ավելորդ քաշքշուկների եւ փաստաթղթերի:

Քաղաքացուն միայն մնում է սեղմել «Այո՛, ուզում եմ ստանալ այդ ծառայությունը»: Անուն, ազգանուն, ծննդյան թիվ, հասցե, քաղաքացու բժշկական եւ այլ տվյալներն արդեն անհրաժեշտ չեն լրացուցիչ մուտքագրման համար:

Մենք ուզում ենք փոխել պետական համակարգի հետ շփվելու կարծրատիպը եւ քաղաքացու փորձառությունը պետության թվային ծառայություններում դարձնել ավելի դինամիկ, հասցեական, թափանցիկ, վստահելի եւ հաճելի: Դա ապահովում ենք գունավոր, պարզ, ինտուիտիվ դիզայնով ձեւավորված հարթակներով, հաջորդականությամբ, որը քաղաքացուն թույլ է տալիս հասկանալ՝ ինքը որտեղ է եւ ուր պետք է հասնի»,- մանրամասնում է Անահիտ Պարզյանը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման հարթակ Անձի ֆունկցիոնալության գնահատման հարթակ


Մասնագետը նկատում է, որ թեեւ հարթակը ստեղծվել է բարդ ճարտարապետական հիմքով, բայց քաղաքացու համար՝ հեշտ կոնցեպտով:

«Ամբողջապես գնահատվում է ոչ թե քաղաքացու հաշմանդամության աստիճանը, այլ՝ քաղաքացու ֆունկցիոնալությունը՝ ի հեճուկս հաշմանդամության: Հիմա կարող են հարթակից օգտվել առաջին անգամ իրենց հաշմանդամության աստիճանը որոշող քաղաքացիները: 2024 թ.-ի հունվարի 1-ից նաեւ կարող են դիմել նրանք, ովքեր նախկինում այլ համակարգով են փորձաքննվել»,- ասում է Անահիտ Պարզյանը եւ ավելացնում, որ քաղաքացիների կարծիքների վրա հիմնվելով՝ փորձում են հարթակն ավելի մատչելի եւ ներառական դարձնել:

«Որպես լավագույն փորձ՝ այս հարթակը շուտով այլ երկրներում ենք ներկայացնելու՝ այսպիսով Հայաստանը փորձելով դիրքավորել որպես սոցիալական թվային պետական հարթակների՝ Social Govtech-ի առաջատարներից»,- եզրափակում է Անահիտ Պարզյանը։

Երջանիկ Հարությունյան